Արչիլ Թալակվաձե. Ոստիկան սպանող անձին համաներում շնորհելն ինձ համար կտրականապես անընդունելի է
Արչիլ Թալակվաձե. Ոստիկան սպանող անձին համաներում շնորհելն ինձ համար կտրականապես անընդունելի է

Համաներելը նախագահի իրավունքն է, սակայն չեք կարող ժխտել, որ մեր քաղաքական թիմը հանրության հետ ստեղծել է այնպիսի ժողովրդավարություն, որտեղ ընդդիմությունը, կառավարող քաղաքական թիմը, քաղաքացիները կարող են ունենալ տարբեր դիրքորոշումներ նախագահի որոշման առնչությամբ, համաձայնել նրա հետ, կամ՝ ոչ,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահը «Պիրվելի» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Արչիլ Թալակվաձեն արձագանքել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու կողմից ոստիկանի սպանության մեջ մեղադրվող անձին համաներմանը:

«Դեմ եմ այն մարդկանց համաներմանը, որոնք ձեռք են բարձրացրել ոստիկանի վրա, մեղավոր են ոստիկանի սպանության կամ ոստիկանի նկատմամբ ուժ կիրառելու մեջ: Ոստիկանի մասնագիտությունը շատ բարդ է, որը անհնար է փոխհատուցել աշխատավարձով, ուստի նրան անհրաժեշտ է հանրության գնահատականը: Երկու տարի աշխատել եմ ներքին գործերի նախարարությունում և գիտեմ, թե ինչ է նշանակում, լինել ոստիկան և քաջատեղյակ եմ, ինչ է զգում ոստիկանի ընտանիքը, երբ մնում է առանց ընտանիքի անդամի»,- հայտարարել է խորհրդարանի նախագահը:

Գործը վերաբերում է 2014 թվականի դեկտեմբերի 27-ին Բաթումիի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած դեպքին, երբ սպանեցին 22-ամյա ոստիկան Թարաշ Մուկբանիանիին: Հետաքննության տեղեկությամբ, ոչ սթափ վիճակում գտնվող Ռամազ Դևաձեն վիճել է նրա հետ, իսկ ընդհարման ժամանակ խլել նրա ծառայողական զենքը և վիրավորել գլխի մասում: Մուկբանիանին մահացել է տեղում: Ռամազ Դևաձեին 2015 թվականի սեպտեմբերի 18-ին ենթարկել էին 12 տարվա ազատազրկման: