Հրապարակվել է Արսեն Ավակովի որդու ձերբակալության տեսանյութը
Հրապարակվել է Արսեն Ավակովի որդու ձերբակալության տեսանյութը

Համացանցում է հայտնվել Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի որդու ձերբակալության տեսանյութը:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցները Ալեքսանդր Ավակովին դուրս բերում Կիևի բնակելի տան շքամուտքից, որտեղ խուզարկությունն է իրականացվել:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ավակովը մեղադրվում է ծառայողական դիրքի չարաշահմամբ պետական միջոցների վատնման մեջ: Խոսքը վերաբերում է 2014-2015 թթ Ուկրաինայի ՆԳՆ և Ազգային գվարդիայի կարիքների համար 16,5 միլիոն գրիվնի ընդհանուր արժեքով ուղեպայուսակների գնումների գործարքին, որը, ինչպես հետագայում է պարզվել, իբրև թե իրականացվել է Ավակով-կրտսերին պատկանող ընկերությունների միջոցով: Ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ալեքսանդր Ավակովին հոկտեմբերի 31-ին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի հատկանիշներով: Արսենի Ավակովը հերքել է որդու դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները:

Ուկրաինայի ռադիկալների կուսակցության ղեկավար Օլեգ Լյաշկոն Ավակով-կրտսերի ձերբակալության մեջ մեղադրել է նախագահ Պետրո Պորոշենկոյին, ով, ըստ Լյաշկոյի, «պայքարում է իշխանության համար և փորձում է վարկաբեկել ՆԳՆ ղեկավարին»: