Ահաբեկչություն Նյու-Յորքում. կա 8 զոհ
Ահաբեկչություն Նյու-Յորքում. կա 8 զոհ

Մանհեթենում (Նյու Յորք)՝ Առևտրի համաշխարհային կենտրոնից 4 թաղամաս հեռու, պիկապը վրաերթի է ենթարկել հեծանվորդներին ու հետիոտներին։ Նախնակական տվյալներով՝ զոհվել է 8 մարդ, ևս 11-ը վիրավոր են։

Ոստիկանության հաղորդմամբ՝ հանցագործը վրաերթն իրականացրել է ոչ մեծ, վարձակալված բեռնատար պիկապով հեծանվային երթուղու վրա, որը ձգվում է Հուդզոն գետի երկայնքով՝ մայրուղուն զուգահեռ։ Նա հեծանվային երթուղով անցել է մոտ 1 կմ, այնուհետև փորձելով անցնել հիմնական փողոց՝ բախվել է դպրոցական ավտոբուսի։ Նա լքել է ջարդված պիկապը։ Նրա ձեռքին եղել է իր, որն ականատեսները նմանեցրել են ատրճանակի։ Մոտակայքում գտնվող ոստիկանը կրակ է բացել նրա ուղղութամբ և վիրավորել։

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ահաբեկչությունն անվանել է ստոր հարձակում խաղաղ և անմեղ մարդկանց վրա։ Նրա խոսքով՝ հարձակումը մարդկանց վնաս պատճառելու կանխամտածված փորձ է։ Ոստիկանությունը դիտարկում է ահաբեկչությունը որպես աշխատանքային տարբերակ։ Հետաքննությամբ զբաղվում է ՀԴԲ-ն։

Հարձակվողը ձերբակալված է։ Նա քաղաքի հիվանդանոցներից մեկում ենթակվել է վիրահատության։

Չնայած նրա անունը պաշտոնապես չի հաղորդվում, սակայն ԶԼՄ-ները հայտնում են, որ նա Տամպա քաղաքի 29-ամյա բնակիչ Սայֆուլո Սաիպովն է, ով ԱՄՆ-ում բնակվում է 2010 թվականից և հանդիսանում էթնիկ ուզբեկ։

Ենթադրվում է, որ նա գործել է միայնակ։ Նրա մեքենայում հայտնաբերվել է գրություն, որում նա հայտնում է ԴԱԻՇ-ին իր հավատարմության մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է. «Նյու Յորքում կարծես թե հերթական հարձակումն է տեղի ունեցել, որն իրականացրել է շատ հիվանդ և աննորմալ մարդ։ Իրավապահ մարմինները մանրակրկտորեն կհետաքննեն դա»։

Դեպքը տեղի է ունեցել Հելոուինի առիթով երթի մեկնարկից ժամեր առաջ։