Օրինագծի համաձայն՝ Ֆինանսների նախարարության քննչական ծառայություն ընդունվելը հնարավոր կլինի 18 տարեկանից
Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար սահմանված տարիքային միջակայքն ընդլայնվում է։ Համապատասխան փոփոխությունները ներկայացվել են խորհրդարանի բյուրոյի այսօրվա նիստում։
Փոփոխություններով հստակեցվում է, որ Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունում աշխատանքի ընդունվելիս թեկնածուի տարիքային սահմանափակումը ներկայումս գործող 21–35 տարեկանի փոխարեն կսահմանվի 18-40 տարեկանը։
Բացի այդ, օրինագծի համաձայն՝ պետական հատուկ կոչում ունեցող և որոշակի տարիքի հասած ծառայության աշխատակիցների համար սահմանային տարիքի հետ կապված կսահմանվեն տարբերվող սահմանափակումներ։ Մասնավորապես, նախագծում նշված է, որ ծառայողական շահերից ելնելով, դրական բժշկական եզրակացության առկայության դեպքում, պետական հատուկ կոչում ունեցող աշխատակիցների ծառայության ժամկետը սեփական ցանկությամբ կարող է երկարաձգվել սահմանային տարիքից բարձր՝ մինչև հինգ տարի ժամկետով։ Այդ անձինք կլինեն՝ ծառայության պետի առաջին տեղակալը, տեղակալները և ծառայության կանոնադրությամբ սահմանված կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Վերոնշյալից բացի, ծառայության աշխատակցի նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցներից մեկը կսահմանվի նաև «նկատողությունը»։