Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Բուլղարիայի դեսպանի հետ
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Վրաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վեսելին Վալկանովի հետ։
Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Բուլղարիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունները, երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանի անվտանգության և կապի հարցերը։
«Նշվել է, որ երկրների միջև գործընկերությունը ամրապնդվում է պատմական կապերով, ընդհանուր շահերով և փոխադարձ հարգանքով։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության, Սևծովյան տարածաշրջանում համագործակցության խորացման, էներգետիկ և տարանցիկ նախագծերի զարգացման, ինչպես նաև Վրաստանի և Եվրամիության միջև համագործակցության օրակարգի կարևորությանը։
Նախագահը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի Հանրապետության դեսպանին երկու երկրների միջև գործընկերության ամրապնդման գործում նրա անձնական ներդրման համար», – հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։
Միխեիլ Ղավելաշվիլին Վեսելին Վալկանովին մաղթել է հաջողություններ իր հետագա մասնագիտական գործունեության մեջ։