Մարիա Զախարովա. Ռուսաստանը և նրա գործընկերները ցանկանում են, որ Հայաստանը հնարավորինս արագ ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև
Ռուսաստանը և նրա գործընկերները ցանկանում են, որ Հայաստանը հնարավորինս արագ ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը, ինչպես և Եվրասիական տնտեսական միության մյուս երեք երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, պահանջում են այս հարցում հնարավորինս շուտ հստակություն մտցնել»,- հայտարարել է Զախարովան։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ պատահական չէ, որ միության չորս երկրների առաջնորդների՝ մայիսի 29-ի համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է Հայաստանում համապատասխան ազգային հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը, ինչը Հայաստանի Սահմանադրությամբ նախատեսված միակ մեխանիզմն է՝ այս երկրի՝ վերազգային միջազգային կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։
Զախարովան հավելել է, որ հայտարարության մեջ կոչ է արվում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարություններին պատրաստել համատեղ զեկույց, որում կվերլուծվի առկա իրավիճակը՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ ընթացիկ տարվա դեկտեմբերին կայանալիք նիստի համար։
«Եվ այդպիսի աշխատանք անպայման կիրականացվի»,- նշել է նա։
Մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունել է Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը, որը նախագահ Վահագն Խաչատուրյանը հաստատել է ապրիլին։ Այդ ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մաքսային միության պահպանումը ինչպես Եվրոպական միության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության հետ անհնար է։