Զուրաբ Պատարաձե – Թուրքիայի դեսպանին բացատրեցի, որ «Բեշիկթաշի» երկրպագուների ոչ այնքան փոքր մասն իրեն պահում էր սադրիչ կերպով, բազմիցս և նպատակաուղղված շշեր, քարեր և բութ առարկաներ նետեցին ոստիկանության վրա

14:47, 27.11.2026

Աջարիայի կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպան Մուստաֆա Թյուրքերի հետ։ Այս մասին Զուրաբ Պատարաձեն գրում է սոցիալական ցանցում։

Զուրաբ Պատարաձեի խոսքով՝ դեսպանի հետ մանրամասն քննարկել է երեկ՝ ֆուտբոլային հանդիպման մեկնարկից առաջ և հանդիպման ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։

«Դեսպանին բացատրեցի, որ ինչպես հանդիպման մեկնարկից առաջ, այնպես էլ դրա ընթացքում «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների ոչ այնքան փոքր մասն իրեն պահում էր սադրիչ կերպով. նրանք բազմիցս և նպատակաուղղված շշեր, քարեր և բութ առարկաներ են նետել ոստիկանության աշխատակիցների վրա, ինչի հետևանքով մի քանի ոստիկան վիրավորվել է։ Նրանք վնասել են քաղաքի ենթակառուցվածքը և աչքի էին ընկնում ոստիկանների հասցեին հնչեցրած անպարկեշտ գոռգոռոցներով, ինչը բնականաբար չէր կարող մնալ համապատասխան արձագանքից դուրս։

Դեսպանին նաև բացատրեցի, որ հանդիպման մեկնարկից առաջ երկրպագուների մոտ սահմանին հայտնաբերվել են այնպիսի բովանդակությամբ սադրիչ պաստառներ, որոնք զգայուն են Վրաստանի բնակչության համար, և դրանց մարզադաշտում կամ քաղաքում բացելը անխուսափելիորեն կառաջացներ սադրանքներ։ Հետևաբար, նշված պաստառների հրապարակային ցուցադրման անթույլատրելիությունը, առաջին հերթին, թելադրված էր հենց թուրք երկրպագուների անվտանգությունն ապահովելու նպատակով», – նշում է Պատարաձեն։

Աջարիայի կառավարության նախագահի խոսքով՝ Թուրքիայի դեսպանին հանդիպման ժամանակ նաև բացատրել է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները թուրք երկրպագուների նկատմամբ, կարգուկանոնն ապահովելու և իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով, համաչափ գործողություններ են իրականացրել։

«Նշված գործողությունները լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին և Վրաստանի օրենսդրությանը, որի պահպանումը Վրաստանի տարածքում ցանկացած անձի համար պարտադիր է։ Դեսպանին փաստերի հիման վրա բացատրեցի, որ վրացական ոստիկանությունը արդյունավետ և արժանապատիվ իրականացրել է իր լիազորությունները, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել կարգավորել իրավիճակը և պետության կողմից ապահովել գործընթացի լիակատար վերահսկողությունը։ Այս պահին Բաթումիում իրավիճակը հանգիստ է, և դրա հետագա սրման ռիսկը լիովին վերացված է։ Վարչական կարգով ձերբակալված բոլոր անձինք ազատ են, Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից ապահովված է թուրք երկրպագուների անխոչընդոտ վերադարձը հայրենիք», – գրում է Զուրաբ Պատարաձեն։

Նմանատիպ