Ժան-Նոել Բարո. Ֆրանսիան որոշում է կայացրել ճանաչել Պաղեստինյան պետությունը, սակայն դա անկախ ձևով չի անի
Ֆրանսիան որոշում է կայացրել ճանաչել Պաղեստինյան պետությունը, սակայն դա ինքնուրույն չի անի, – այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Բարոյի խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է ճանաչել Պաղեստինը այն պայմանով, եթե որոշմանը միանան նաև այլ երկրներ։
Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը, նպատակն այն է, որ գաղափարին միանան որոշակի քանակությամբ երկրներ, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերը, մասնավորապես՝ Պաղեստինի վարչակազմը և արաբական երկրները։
Սակայն, նրա խոսքով, եթե այլ երկրները չհամաձայնեն այս նախաձեռնությանը, Ֆրանսիան չի ճանաչի Պաղեստինը։
«Ֆրանսիան կարող էր ընդունել որոշում, որը կունենար սիմվոլիկ նշանակություն։ Մենք չընտրեցինք այդ ուղին, քանի որ ստանձնում ենք առանձնահատուկ պատասխանատվություն, քանի որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ Մենք սա անում ենք, որպեսզի փոխենք իրավիճակը և Պաղեստինյան պետության գոյությունը դարձնենք ավելի իրական», – նշել է Բարոն։
Ավելի վաղ այս գաղափարի մասին խոսել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ապրիլին Մակրոնը նշել էր, որ նախատեսում է Պաղեստինը ճանաչել հունիսին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան հայտարարել են Պաղեստինի ճանաչման մասին։