Յոհան Վադեփուլ. Ռուսաստանի հարևանների՝ Եվրոպայի հետ մերձեցման հարցը չպետք է որոշվի Մոսկվայում, այդ պատճառով է կարևոր, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք որոշեն իրենց ապագան

15:16, 17.11.2026
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեփուլը պաշտոնական այցեր է կատարում Ադրբեջան և Հայաստան։
Վադեփուլը նոյեմբերի 17-ին կժամանի Բաքու, իսկ նոյեմբերի 18-ին կայցելի Երևան։ Սա նրա առաջին այցն է տարածաշրջանի երկրներ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի կարգավիճակում։
«Դոյչե Վելեի» տեղեկատվությամբ՝ այցի գլխավոր նպատակներից մեկը Հարավային Կովկասի երկրների՝ Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդումն է։
«Հարավային Կովկասում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը հարավկովկասյան ժողովուրդների և նրանց ապագայի հաշվին։ Սակայն Ռուսաստանի հարևանների՝ Եվրոպայի հետ մերձեցման հարցը չպետք է որոշվի Մոսկվայում։ Հենց այդ պատճառով է կարևոր, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք որոշեն իրենց ապագան։ Եկել է ժամանակը լսելու նրանց ձայնը և հաշվի առնելու նրանց շահերը», – նշել է Վադեփուլը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությամբ՝ Եվրոպան շահագրգռված է նպաստել տարածաշրջանում սեփական գործընկերության ամրապնդմանը և թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը։
Այցի շրջանակներում Գերմանիան ուշադրություն կդարձնի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ Երևանում բանակցությունների ուղղություններից մեկը լինելու է Հայաստանի մերձեցումը Եվրամիությանը։ Իսկ Բաքվում օրակարգում է էներգետիկ համագործակցությունը։
Վադեփուլի գնահատմամբ՝ Ադրբեջանը Գերմանիայի համար կարևոր գործընկեր է էներգամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կանդրադառնա նաև Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին և երկրի ներքաղաքական իրադրությանը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությամբ՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների խորացումը կնպաստի տարածաշրջանի երկրների մերձեցմանը եվրոպական տարածքին, տնտեսական հնարավորությունների աճին և կայուն միջավայրի ձևավորմանը։

Նմանատիպ