Եվրոպական խորհրդարանի բանաձև. Խորը մտահոգություն ենք հայտնում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շարունակական կալանքի և առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ
Եվրոպական խորհրդարանը խորը մտահոգություն է հայտնում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շարունակական կալանքի և առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ, ինչպես նշված է Եվրախորհրդարանի կողմից Վրաստանի վերաբերյալ ընդունված «Էլենե Խոշտարիայի և «Վրացական երազանքի» ռեժիմի քաղբանտարկյալների գործի վերաբերյալ» բանաձևում։
Փաստաթղթում նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը «խստորեն դատապարտում է Էլենե Խոշտարիայի և բոլոր մյուս անձանց քաղաքական դրդապատճառներով կալանքը, որոնք թիրախավորվել են իրենց խոսքի և հավաքների ազատության իրացման կամ խաղաղ բողոքի ցույցերի համար»։
«Եվրոպական խորհրդարանը նաև դատապարտում է «Վրացական երազանքի» ռեժիմի կողմից քաղաքական հակառակորդների, լրագրողների և ակտիվիստների նկատմամբ համակարգված քրեական հետապնդումը։ Այն դատապարտում է, ըստ հաղորդագրությունների, Խոշտարիայի նկատմամբ կալանքի ընթացքում ցուցաբերված նվաստացուցիչ և անմարդկային վերաբերմունքը։ Պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրան և քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր մյուս անձանց։ Պահանջում է անհապաղ հանել նրանց դեմ քաղաքական դրդապատճառներով մեղադրանքները։ Խորը մտահոգություն է հայտնում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շարունակական կալանքի և առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ, որը չորս տարուց ավելի է, ինչ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական պատանդն է», – նշվում է բանաձևում։
Բացի այդ, ըստ բանաձևի, Եվրոպական խորհրդարանը «պահանջում է անկախ և թափանցիկ հետաքննություն կալանավորվածների նկատմամբ վատ վերաբերմունքի և ազգային օրենսդրության չարաշահման մեղադրանքների վերաբերյալ»։
Տեղեկատվության համար՝ «Էլենե Խոշտարիայի և «Վրացական երազանքի» ռեժիմի քաղբանտարկյալների գործի վերաբերյալ» բանաձևը ստացել է 438 Եվրախորհրդարանի անդամի, 37-ի դեմ և 81-ի ձեռնպահ ձայները։