Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է մի նախաձեռնություն, որը կբարձրացնի Եվրամիություն մուտքի թույլտվությունների արժեքը
Եվրահանձնաժողովը ներկայացրել է նախաձեռնություն, որը նախատեսում է ԵՄ մուտքի թույլտվության արժեքի բարձրացում։
Սա վերաբերում է Եվրոպական տեղեկատվական համակարգին՝ ճանապարհորդությունների և թույլտվությունների համար, որի նպատակն է ուժեղացնել ԵՄ անվտանգության համակարգը երրորդ երկրներից մուտք գործող անձանց խիստ վերահսկման և վարչական ընթացակարգերի պարզեցման միջոցով։
2018 թվականին ընդունված կանոնակարգի համաձայն՝ ԵՄ մուտքի թույլտվության արժեքը կազմում էր 7 եվրո՝ երեք տարի ժամկետով։ Սակայն, Եվրահանձնաժողովը առաջարկում է այդ արժեքը բարձրացնել մինչև 20 եվրո։
«2018 թվականից ի վեր գնաճի աճի և օպերացիոն լրացուցիչ ծախսերի, ինչպես օրինակ՝ համակարգում ինտեգրված նոր տեխնիկական գործառույթների հաշվառմամբ, մուտքի վճարը կբարձրանա մինչև 20 եվրո», – նշում են Եվրահանձնաժողովում։
Եվրահանձնաժողովի այս առաջարկը պետք է հաստատվի Եվրախորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից։ Նախաձեռնության հաստատման դեպքում նոր գինը ուժի մեջ կմտնի Եվրոպական տեղեկատվական համակարգի գործարկման պահից, ինչը սպասվում է 2026 թվականի վերջում։