«Եվրոնյուս» – Ղազախստանը նախատեսում է ավելացնել նավթի արտահանումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով
Աստանայում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի միջև բանակցություններից հետո Ղազախստանը նախատեսում է ավելացնել նավթի արտահանումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով, ինչը կխորացնի Վրաստանի հետ ռազմավարական կապերը, գրում է «Եվրոնյուս»-ը։
Ինչպես հաղորդում է «Եվրոնյուս»-ը, Աստանայում բարձր մակարդակի բանակցություններում Ղազախստանը և Վրաստանը համաձայնության են եկել ամրապնդել տնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) խողովակաշարով նավթի առաքումների ավելացման ծրագրերը։ Նրանք նաև քննարկել են համագործակցությունը գյուղատնտեսության զարգացման, ներդրումների ընդլայնման և թվային ծառայությունների ոլորտներում։
«Եվրոնյուս»-ը գրում է, որ Ղազախստանի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ պաշտոնական Աստանան շարունակում է դիվերսիֆիկացնել արտահանման ուղիները Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (TITR) միջոցով, որը հայտնի է նաև որպես Միջին միջանցք։
Հրապարակման համաձայն՝ երթուղով տարանցման ծավալները վերջին հինգ տարիների ընթացքում գրեթե քառապատկվել են։ Ղազախստանը գնահատում է, որ մինչև 2029 թվականը մինչև 3000 կոնտեյներային գնացք կշարժվի այս միջանցքով, որը Չինաստանը կապում է Եվրոպայի հետ Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։
Հոդվածի համաձայն՝ Աստանան նաև նախատեսում է ամրապնդել համագործակցությունը Վրաստանի Սևծովյան նավահանգիստներում։
«Ղազախստանի «Կազտրանսօիլ» ընկերությանը պատկանող Բաթումիի նավթային տերմինալին զուգահեռ, երկիրը ընդլայնում է իր լոգիստիկ ենթակառուցվածքները Փոթիում, որտեղ անցյալ տարի ղազախական ներդրումներով բացվել է նոր մուլտիմոդալ տերմինալ։ Պաշտոնյաները նաև Անակլիայի ապագա խորջրյա նավահանգիստը անվանել են մեկ այլ խոստումնալից նախագիծ», – գրում է «Եվրոնյուս»-ը։