«Եվրոնյուս» – Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների չպայթած զինամթերք է հայտնաբերվել մի շարք եվրոպական երկրներում՝ լայնածավալ հրդեհների և ուժեղ երաշտի պայմաններում
Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների չպայթած զինամթերք է հայտնաբերվել մի շարք եվրոպական երկրներում։ Հաղորդում է «Եվրոնյուս»-ը։
Հրապարակման համաձայն՝ Եվրոպայում տարածված հրդեհների և ուժեղ երաշտի պայմաններում ֆրանսիական Բորդո քաղաքի, ինչպես նաև Բելգիայի Լիեժ նահանգի մոտակայքում հայտնաբերվել է հին, պոտենցիալ վտանգավոր ռազմական զինամթերք։
«Եվրոնյուս»-ի փոխանցմամբ՝ հրդեհների հետևանքով պայթյուններ արդեն գրանցվել են Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում և Նիդեռլանդներում: Նույն հաղորդագրության համաձայն՝ ուժեղ շոգը և հրդեհը լրացուցիչ ռիսկ են ստեղծում Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից մնացած չպայթած ռումբերի և այլ զինամթերքի պայթյունների համար։
Բացի այդ, երաշտի պատճառով գետերում ջրի մակարդակի անկման հետևանքով հայտնվել են այդ ժամանակաշրջանի ռազմական տեխնիկա և զենքեր, այդ թվում՝ գերմանական ռազմանավեր, Վերմախտի մոտոցիկլետ և ռումբ։
Մասնագետների կարծիքով՝ կլիմայի փոփոխությունը նպաստում է հին ռազմական թափոնների վերստին ի հայտ գալուն և որոշ դեպքերում՝ ակտիվացմանը։