Եվրոհանձնաժողովի մամուլի խոսնակ․ Եվրոմիությունը դատապարտում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների նկատմամբ Ռուսաստանի՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքը, չենք պատրաստվում ընկնել Մոսկվայի թակարդը, որի նպատակը վախ սերմանելն է

19:46, 01.10.2026
Եվրոմիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ պետությունների նկատմամբ միջուկային զենքի կիրառման սպառնալիքը և հայտարարում, որ չի պատրաստվում ընկնել Ռուսաստանի լարած թակարդը, որի նպատակը վախ սերմանելն է, – այս մասին «Եվրոպեյսկայա պրավդա»-ին հայտնել է Եվրոհանձնաժողովի մամուլի խոսնակ Քրիստիան Վիգանդը։
Նրա խոսքով՝ Եվրոմիությունը չի պատրաստվում նպաստել Ռուսաստանի սպառնալիքների տարածմանը։
«Եվրոմիությունը չի ընկնի Ռուսաստանի լարած թակարդը։ Մենք չենք ուժեղացնի Մոսկվայի՝ ահաբեկման և վախ սերմանելու մարտավարությունը», – հայտարարել է Եվրոհանձնաժողովի մամուլի խոսնակը։
Բացի այդ, Քրիստիան Վիգանդը Մոսկվայի միջուկային հռետորաբանությունն անվանել է անպատասխանատու։
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին փոխանցված հաղորդագրությանը, թույլ տվեք մատնանշել ՆԱՏՕ-ի հստակ արձագանքը, որը մենք ողջունում ենք։ Մենք դատապարտում ենք Ռուսաստանի անպատասխանատու միջուկային հռետորաբանությունը», – հայտարարել է Վիգանդը։
Ինչպես նշել է Եվրոհանձնաժողովի մամուլի խոսնակը, Եվրոմիությունը սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանից բխող սպառնալիքների դեմ։ Այնուամենայնիվ, նա չի ցանկացել հստակեցնել հարցի շուրջ համագործակցության մանրամասները։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել են Եվրոհանձնաժողովում, Ռուսաստանից նման նամակ չեն ստացել։
«Հանձնաժողովում նամակ չի ստացվել», – նշել է Եվրոհանձնաժողովի գլխավոր մամուլի խոսնակ Պաուլա Պինյոն։

Նմանատիպ