Եվրոակտիվ՝ Եվրամիությունը զգալիորեն մեղմացնում է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 21-րդ փաթեթը
Եվրամիությունը զգալիորեն մեղմացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Ինչպես նշվում է «Եվրոակտիվ»-ի (Euractiv) հոդվածում, Եվրամիության անդամ երկրների դեսպանները փորձում են համաձայնության գալ Եվրահանձնաժողովի ներկայացրած պատժամիջոցների հերթական փաթեթի շուրջ, որից արդեն հանվել են կարևոր տարրեր։
Պարբերականի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ ԵՄ որոշ երկրներ փորձում են պաշտպանել իրենց տնտեսական և ռազմավարական շահերը։ Մասնավորապես, Եվրահանձնաժողովի ներկայացրած փաստաթղթով առաջարկվում է արգելել Ռուսաստանի գործող և նախկին զինվորականների մուտքը ԵՄ տարածք, ովքեր մասնակցել են Ուկրաինայի դեմ պատերազմին։
Ինչպես գրում է «Եվրոակտիվ»-ը, այս նախաձեռնության հեղինակները Էստոնիան և Լիտվան են, սակայն այն դիմադրության է հանդիպել Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի կողմից, որոնց տնտեսությունները զգալի օգուտներ են ստանում ռուս զբոսաշրջիկներից։ Պարբերականի տվյալներով՝ նշված երկրները պահանջում են, որ վիզային սահմանափակումները վերաբերեն միայն կարճաժամկետ վիզաներին և միայն ակտիվ մարտական գործողությունների մասնակիցներին, իսկ վիզայի տրամադրման վերջնական որոշումը դառնա կոնկրետ երկրի իշխանությունների արտոնությունը։
Մեկ այլ ոլորտ է ռուսական նավթի գների վերին շեմի սահմանումը. դեսպանները քննարկում են ռուսական նավթի մեկ բարելի գինը 44 դոլարի վրա ֆիքսելու հարցը, որպեսզի շարունակվի ճնշումը Ռուսաստանի բյուջեի վրա, քանի որ առանց այս սահմանափակման լիմիտն ավտոմատ կերպով կդառնա 60 դոլար։ Ծովային փոխադրումներից կախվածություն ունեցող երկրները, ինչպիսիք է Հունաստանը, պահանջում են, որ գների սառեցումը տեղի ունենա երեք ամսով՝ մինչ այժմ գոյություն ունեցող վեց ամսվա փոխարեն։ Միևնույն ժամանակ, լիմիտի սահմանմանը կողմ քվեարկելու դիմաց Հունաստանը պահանջում է նաև զիջումներ, որոնք թույլ կտան իրեն շարունակել ռուսական հեղուկացված գազի մատակարարումը ԵՄ անդամ չհանդիսացող երկրներին։
Սահմանափակումները կմեղմացվեն նաև ծովամթերքի մասով, քանի որ այս բացառությունները պահանջում են Գերմանիան, Լեհաստանը և Պորտուգալիան։
Բացի այդ, Բուլղարիան դեմ է հանդես գալիս Ռուսաստանի պատրիարք Կիրիլի դեմ անհատական պատժամիջոցների սահմանմանը, և, «Եվրոակտիվ»-ի տեղեկություններով, ըստ ամենայնի, նա նույնպես չի ներառվի պատժամիջոցների ցուցակում։
Դեսպանների մակարդակով 21-րդ փաթեթի տեքստի շուրջ համաձայնության գալու դեպքում փաստաթուղթը հուլիսի 13-ին արդեն պետք է հաստատեն Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները։