Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը զրուցել է Սալոմե Զուրաբիշվիլիի և Իրակլի Կոբախիձեի հետ. Ալեն Բերսետը կոչ է արել բոլոր համապատասխան կողմերին զերծ մնալ հետագա ապակայունացումից
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Վերջին 24 ժամվա ընթացքում նա հեռախոսով զրուցել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ,- հայտնում է Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը։
Ինչպես նշվում է տարածված տեղեկատվության մեջ, ստեղծված լարված իրավիճակի և առկա դիմակայությունների ֆոնին գլխավոր քարտուղարը ԵԽ անունից մտահոգություն է հայտնել բևեռացման խորացման և իրադարձությունների քաղաքական փակուղի մտնելու կապակցությամբ։
Նա նաև կոչ է արել բոլոր համապատասխան կողմերին զերծ մնալ հետագա էսկալացիայից։ Գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է ցույցերի ժամանակ իրավապահների կողմից ուժի չափազանցման դեպքերը հետաքննելու անհրաժեշտությունը։ Քանի որ Վրաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է կազմակերպության դերը՝ լսելու բոլոր կողմերին և երկրի հանձնառությունը՝ հարգելու Եվրոպայի խորհրդի արժեքներն ու չափանիշները, ներառյալ արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների իրավունք:, ինչը բխում է ինչպես Վրաստանի ժողովրդի, այնպես էլ ամբողջ երկրի և նրա կայունության շահերից։ Գլխավոր քարտուղարն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Վրաստանին նրա եվրոպական ձգտումներում և ապահովելու երկրի ժողովրդավարական անվտանգությունը։ Նա նաև իր պատրաստակամությունն է հայտնել կառուցողական երկխոսության մեջ մտնել բոլոր համապատասխան գործընկերների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության հետ՝ ներկա ճգնաժամը հաղթահարելու համար։ Եվրախորհուրդը պատրաստ է շարունակել աջակցությունը Վրաստանին, այդ թվում՝ գործողությունների ծրագրի շրջանակներում, որը կօգնի երկրին եվրոպական նկրտումների իրագործման գործընթացում։ Այդ նպատակով գլխավոր քարտուղարը ծրագրում է մոտ ապագայում այցելել Վրաստան»,- ասվում է տարածված տեղեկատվության մեջ։