Եվրախորհրդարանի փոխնախագահ. ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված սակագնային համաձայնագիրը առաջընթաց չէ, այլ Եվրոպայի թուլության հստակ նշան է
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, սոցիալ-դեմոկրատ Կատարինա Բարլը քննադատել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված սակագնային համաձայնագիրը։ Գերմանացի պատգամավորը նշում է, որ համաձայնագիրը Եվրոպայի թուլության հստակ նշան է։
Կատարինա Բարլի խոսքով՝ համաձայնագիրը կմեծացնի ԵՄ կառուցվածքային կախվածությունը Միացյալ Նահանգներից։ Բարլի խոսքով՝ կարևոր են ոչ միայն սակագները, այլև Եվրոպայի «ռազմավարական ինքնիշխանության» պահպանումը։
«Այս համաձայնագիրը առաջընթաց չէ, այլ Եվրոպայի թուլության հստակ նշան։ Հանձնաժողովը տեղի է տվել հսկայական ճնշմանը։ Հավասար պայմաններով արդար համաձայնագրի փոխարեն մենք այժմ ունենք փոխզիջում, որը ծանրաբեռնում է եվրոպական հիմնական արդյունաբերությունները և ավելի է խորացնում մեր կառուցվածքային կախվածությունը ԱՄՆ-ից։ Մեզ անհրաժեշտ են ավելի շատ ներդրումներ կարևոր տեխնոլոգիաների, Եվրոպայի թվային ենթակառուցվածքների և ընդհանուր անվտանգության ճարտարապետության մեջ։ Միայն այս կերպ Եվրոպան կկարողանա իսկապես ամրապնդվել աշխարհում», – ասել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը։