Եվրախորհրդարանը ամենամյա զեկույցներում վճռականորեն աջակցում է Վրաստանի արևմտամետ նկրտումներին. Արտաքին գործերի նախարարություն
Եվրախորհրդարանն իր տարեկան զեկույցներում վճռականորեն աջակցում է Վրաստանի արևմտամետ նկրտումներին,- այս մասին ասվում է Վրաստանի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Գերատեսչության փոխանցմամբ, 2022 թվականի փետրվարի 15-17-ը Եվրախորհրդարանը լիագումար նիստում քվեարկել է Եվրամիության միասնական պաշտպանության և անվտանգության քաղաքականության (CSDP) և Եվրամիության միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության (CFSP) կատարման մասին տարեկան զեկույցները։
«Հարկ է նշել, որ, համեմատած նախորդ զեկույցների հետ, 2021 թվականի փաստաթղթերը Վրաստանին աջակցության հստակ ու համարձակ ուղերձներ են պարունակում։ Հատկանշական է նաև, որ ինչպես փաստաթղթերում ավելացվել են կարևոր նոր տարրեր՝ Վրաստանի օկուպացված տարածքներում բռնազավթիչ ռեժիմների գործողությունների գնահատման, այնպես էլ Ռուսաստանին ուղղված Եվրամիության կոչերի առումով։
Երկու փաստաթղթերն էլ ընդգծում են այն դիրքորոշումը, որ Եվրամիությունը առանձնահատուկ նշանակություն է տալիս Վրաստանում և Արևելյան հարևանության երկրներում կայունությանը, անվտանգությանն ու զարգացմանը։
Եվրախորհրդարանի պատգամավորները վերահաստատում են իրենց հավատարմությունը Արևելյան գործընկերների անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է օկուպացնել Ուկրաինայի և Վրաստանի զգալի հատվածները՝ խախտելով միջազգային իրավունքը։
Փաստաթղթերի համաձայն՝ Եվրախորհրդարանը հորդորում է Եվրամիությանը կոչ անել Ռուսաստանին կառուցողականորեն ներգրավվել Ժնևի միջազգային բանակցություններում և կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի զինադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Մասնավորապես՝ դուրս բերել իր ռազմական ուժերը Վրաստանի օկուպացված տարածքներից: Այն նաև դատապարտում է Վրաստանի քաղաքացիների ապօրինի ձերբակալման և առևանգման փաստերը և կոչ է անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել այսպես կոչված «Բորդերիզացիայի» գործընթացը:
Փաստաթղթերում նաև դատապարտում են Ռուսաստանի ուղղակի և անուղղակի մասնակցությունը զինված հակամարտություններին, ինչպես նաև հիբրիդային հարձակումները: Եվրախորհրդարանի պատգամավորների ուշադրությունից անմասն չեն մնում Վրաստանի և Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան հեռանկարները։ Մասնավորապես, զեկույցները կտրականապես դատապարտում են ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը կասեցնելու և եվրոպական անվտանգության ճարտարապետությունը «ազդեցության ոլորտների» գաղափարին համահունչ փոխելու Ռուսաստանի ոչ լեգիտիմ պահանջը: Այն ընդգծում է, որ յուրաքանչյուր ժողովրդավարական երկիր ազատ է դաշինքներ ընտրելու հարցում, և այս առումով Եվրախորհրդարանը վճռականորեն աջակցում է Վրաստանի արևմտամետ նկրտումներին, այդ թվում նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը, և կոչ է անում Եվրամիությանը, ինչպես նաև նրա անդամ երկրներին, կենսական քայլեր ձեռնարկել, որոնք կարևոր են Վրաստանի և Ուկրաինայի համար։
Հատկանշական է, որ Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիության Խորհրդի Ֆրանսիայի նախագահությանը, հրավիրել Ուկրաինային և Վրաստանին մասնակցելու Եվրամիության առաջիկա պաշտպանական գագաթնաժողովին», – ասվում է Վրաստանի Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։