Եվրամիությունում պայմանավորվել են ստեղծել ուսումնական առաքելություն ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար
Եվրամիությունում պայմանավորվել են ստեղծել ուսումնական առաքելություն ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար։ Պրահայում պաշտպանության նախարարների հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
«Այսօր մենք նախարարների հետ քննարկել ենք մեր անվտանգության ու պաշտպանության քաղաքականությունը՝ հիմնականում Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի համատեքստում։ Մեզ միացավ Ուկրաինայի պաշտպանության նախարար պարոն Ռեզնիկովը, ով մեզ տեղեկացրեց պատերազմի և Ուկրաինայի կարիքների մասին։ Մենք պետք է արձագանքենք այս կարիքներին, և մենք միաձայն համաձայնվեցինք այս հարցում»,- ասել է Ջոզեֆ Բորելը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը և նրա անդամ երկրները կանգնած են Ուկրաինայի կողքին և պատրաստ են շարունակել աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
Բացի այդ, Եվրամիության ներկայացուցիչը հայտարարեց, որ այսօրվա հանդիպումը ոչ պաշտոնական է եղել, և ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ որոշումներ չեն կայացվում, այլ որոշվել է սկսել նախապատրաստական աշխատանք, որը մի կողմից ենթադրում է շփում ուկրաինացիների հետ, իսկ մյուս կողմից՝ վերջնական որոշումների իրավական և գործառնական պարամետրերի որոշում: