Եվրամիությունում ԱՄՆ դեսպան. ԱՄՆ-ն սպառնում է Եվրոպային «ավերիչ» պատասխան միջոցներով, եթե ԵՄ-ն սահմանափակի ամերիկյան ընկերությունների, այդ թվում՝ SpaceX-ի, շուկա մուտք գործելը
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին խիստ պատասխան միջոցներով, եթե Բրյուսելը սահմանափակի ամերիկյան ընկերությունների, այդ թվում՝ Էլոն Մասկի SpaceX-ի, եվրոպական շուկայի որոշակի հատվածներ մուտք գործելը։
Այս մասին հայտարարել է ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Էնդրյու Փազդերը։
Դիվանագետի խոսքով, եթե Եվրոպական հանձնաժողովի կողմից նախատեսված սահմանափակումները կիրառվեն, եվրոպական ընկերությունները կարող են դառնալ Վաշինգտոնի կողմից «ավերիչ» պատասխան միջոցառումների թիրախ։
Սա վերաբերում է Եվրոպական հանձնաժողովի առաջարկին, որի համաձայն՝ ռադիոհաճախականության սպեկտրի այն մասը, որը թույլ է տալիս սմարթֆոններին անմիջապես միանալ արբանյակներին, պետք է հասանելի լինի միայն եվրոպական ընկերությունների համար։ Եթե այս որոշումը կայացվի, համապատասխան հաճախականություններին մուտքը կսահմանափակվի ամերիկյան և չինական ընկերությունների համար։
Հարցին, թե արդյոք եվրոպական ընկերությունները պետք է պատասխան քայլեր ակնկալեն ԱՄՆ-ից, Էնդրյու Փազդերը պատասխանել է. «Նրանք պետք է զգույշ լինեն, քանի որ դա կարող է տեղի ունենալ, և, հաշվի առնելով ամերիկյան շուկայի մասշտաբները, այդ ընկերությունների համար հետևանքները կլինեն ավերիչ»։
Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ ԵՄ նախաձեռնությունը չպետք է ծառայի ամերիկյան ընկերությունների մրցունակության նվազեցմանը։
«Եթե նպատակը Միացյալ Նահանգների մրցունակության թուլացումն է, ապա դա չի կարող լինել նման օրենսդրության օրինական նպատակ։ Դուք չեք կարող բարձրացնել եվրոպական ընկերությունների մրցունակությունը՝ ամերիկյան ընկերությունների թուլացման հաշվին», – ասել է Փազդերը։
Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունը խիստ քննադատության է ենթարկվել նույնիսկ SpaceX-ի կողմից։ Ընկերության տվյալներով՝ սահմանափակումները կարող են բացասաբար անդրադառնալ Ուկրաինայում արբանյակային կապի որակի վրա, որտեղ Starlink-ը խաղում է կարևորագույն դեր։
Տեղեկատվության համար՝ հոկտեմբերի 14-ին ուկրաինական զինվորականները հայտարարեցին, որ Starlink արբանյակային կապի տերմինալների ռազմական տարբերակի՝ Starshield-ի շահագործման սահմանափակումների են հանդիպել։ Այս տեղեկատվությունը տարածվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև լարված հարաբերությունների ֆոնին։ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ինքը չի հրաման տվել Starshield-ի գործունեությունը Ուկրաինայում սահմանափակելու համար, և իրեն հայտնի չէ, թե ով է կայացրել համապատասխան որոշումը։ Միևնույն ժամանակ, Telegraph-ի աղբյուրների փոխանցմամբ, SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը Դոնալդ Թրամփին առաջարկել է սահմանափակել Starlink-ի գործունեությունը Ուկրաինայում, ինչին ԱՄՆ նախագահը համաձայնել է։ Այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ։