Եվրամիությունը Ուկրաինային ֆինանսավորում է առաջարկել «Դրուժբա» խողովակաշարի վերանորոգման համար՝ Հունգարիա և Սլովակիա ռուսական նավթի մատակարարումները վերականգնելու համար, ինչին Կիևը համաձայնել է
Եվրամիությունը Ուկրաինային ֆինանսավորում է առաջարկել «Դրուժբա» խողովակաշարի վերանորոգման համար՝ Հունգարիա և Սլովակիա ռուսական նավթի մատակարարումները վերականգնելու համար, ինչին Կիևը համաձայնել է։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք «բոլոր մակարդակներում ինտենսիվ բանակցություններ են վարել անդամ պետությունների և Ուկրաինայի հետ՝ Հունգարիա և Սլովակիա նավթի մատակարարումները վերականգնելու համար»։
Հայտարարության համաձայն՝ «Դրուժբայի» վերանորոգման համար ֆինանսավորումից բացի, Եվրամիությունը Ուկրաինային նաև տեխնիկական օգնություն է առաջարկել։
«Ուկրաինացիները ողջունել և ընդունել են այս առաջարկը։ Եվրոպացի փորձագետները պատրաստ են անմիջապես սկսել աշխատանքները», – ասվում է հայտարարության մեջ։
«Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա և Սլովակիա ռուսական նավթի մատակարարումները դադարեցվել են հունվարի 27-ին։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ խողովակաշարը վնասվել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից։ Բուդապեշտը և Բրատիսլավան մեղադրում են Կիևին քաղաքական պատճառներով նավթի մատակարարումները դադարեցնելու մեջ։