Եվրամիությունը սեպտեմբերից կարգելի մսի և այլ կենդանական ծագման մթերքների ներմուծումը Բրազիլիայից
ԵՄ անդամ պետությունների փորձագետների կոմիտեն քվեարկել է Բրազիլիայից մսի և այլ կենդանական ծագման մթերքների ներմուծումն արգելելու օգտին, հաղորդում է Euronews-ը։
Որոշումը կայացվել է կենդանիների աճը խթանելու համար օգտագործվող հակամանրէային միջոցների օգտագործման պատճառով։
Աղբյուրի համաձայն՝ բոլոր անդամները միաձայն քվեարկել են, ինչը Բրազիլիան դարձրել է առաջին երկիրը, որը հանվել է ԵՄ սննդի անվտանգության պահանջները բավարարող երկրների ցանկից։
Եվրահանձնաժողովը Euronews-ին հաստատել է, որ սեպտեմբերի 3-ից Բրազիլիան այլևս չի կարողանա ԵՄ արտահանել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են տավարի և ձիու միսը, թռչնամիս, ձու և մեղր։
«Առևտրային համաձայնագրերը չեն փոխում մեր կանոնները», – ասել է Եվրահանձնաժողովը։
Ըստ նրանց՝ ԵՄ պարտադիր սանիտարական և բուսասանիտարական չափորոշիչները պետք է պահպանվեն ինչպես եվրոպացի ֆերմերների, այնպես էլ երրորդ երկրների արտահանողների կողմից։
Արգելքը Եվրահանձնաժողովը ընդունել է ԵՄ-ի և Հարավային Ամերիկայի երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։
Ըստ Euronews-ի՝ ազատ առևտրի համաձայնագիրը տարածվում է Բրազիլիայի, Արգենտինայի, Պարագվայի և Ուրուգվայի վրա։ Փաստաթուղթը նախատեսում է գյուղատնտեսական արտադրանքի առևտրի ազատականացում։ Համաձայնագիրը խիստ քննադատության է ենթարկվել ԵՄ ֆերմերների կողմից։ Նրանք ասում են, որ Լատինական Ամերիկայի երկրներում տարբեր արտադրական չափանիշները եվրոպացի արտադրողներին դնում են անհավասար մրցակցության մեջ։