Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը երկօրյա այցով Ուկրաինայում է
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը երկօրյա այցով Ուկրաինայում է

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը երկօրյա այցով գտնվում է Ուկրաինայում: Այցի շրջանակներում Մարթա Կոսը կմասնակցի Լվովում կայանալիք ԵՄ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը՝ քննարկելու Ուկրաինայի եվրաինտեգրման հարցերը:

Ոչ պաշտոնական հանդիպումը նախատեսված է վաղը: Ավելի վաղ Մարթա Կոսը, Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Օլգա Յուխիմչուկի հետ միասին, այցելել է ջերմաէլեկտրակայաններից մեկը, որը բազմիցս ենթարկվել է ռուսական հարվածների:

Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ ջերմաէլեկտրակայանը ներկայումս վերականգնվում է Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամի օգնությամբ: Մարթա Կոսը, Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Տարաս Կաչկայի և Գերագույն ռադայի փոխխոսնակ Ալեքսանդր Կորնիենկոյի հետ միասին, նախատեսում է հանդիպել ուկրաինական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Եվրոպական հանձնակատարը նաև առանձին հանդիպում կունենա Կաչկայի հետ, որի հետ կքննարկի Ուկրաինայի Եվրամիությանը անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումները: Դեկտեմբերի 11-ին Մարթա Կոսը կմասնակցի զոհված ուկրաինացի զինվորների հիշատակին նվիրված արարողությանը և հանդես կգա մամուլի համար հայտարարությամբ: