Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ. Տագնապալի հնարավորությունը, որ Եվրամիության անդամ պետության կառավարությունը կարող է համակարգված լինել Ռուսաստանի հետ, մտահոգիչ է. Հունգարիան պետք է անհապաղ պարզաբանումներ ներկայացնի
Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ. Տագնապալի հնարավորությունը, որ Եվրամիության անդամ պետության կառավարությունը կարող է համակարգված լինել Ռուսաստանի հետ, մտահոգիչ է. Հունգարիան պետք է անհապաղ պարզաբանումներ ներկայացնի

Սա ծայրաստիճան մտահոգիչ է, և անդամ պետության կառավարության պարտականությունն է անհապաղ պարզաբանումներ ներկայացնել, – այսպես է արձագանքել Եվրոհանձնաժողովի գլխավոր մամուլի խոսնակ Պաուլա Պինիոն մամուլում տարածված տեղեկատվությանը, ըստ որի՝ հեռախոսազրույցի ընթացքում Պետեր Սիյարտոն Սերգեյ Լավրովին պարբերաբար փոխանցել է Եվրամիության առաջնորդների խոսակցությունների բովանդակությունը։

Այն հարցին, թե ինչ է մտածում Բրյուսելը նշված հեռախոսային ձայնագրությունների վերաբերյալ և արդյոք նախատեսում է որևէ միջոց ձեռնարկել, մամուլի խոսնակը հայտարարել է, որ Բուդապեշտը պետք է անհապաղ պարզաբանում տա։

«Այո՛, մենք ունենք արձագանք։ Այն լրացուցիչ հետաքննական լրագրողական նյութում հնչեցված ենթադրյալ փաստերը, որոնց մասին դուք խոսում եք, մատնանշում են տագնապալի հնարավորությունը, որ ԵՄ անդամ պետության կառավարությունը կարող է համակարգված լինել Ռուսաստանի հետ։ Դա ակտիվորեն աշխատում է Եվրամիության և նրա բոլոր քաղաքացիների անվտանգության ու շահերի դեմ։ Հետևաբար, սա ծայրաստիճան մտահոգիչ է, և անդամ պետության կառավարության պարտականությունն է անհապաղ պարզաբանումներ ներկայացնել։ Եվրոհանձնաժողովի նախագահը նույնպես կբարձրացնի այս հարցը առաջնորդների մակարդակով», – հայտարարել է Պաուլա Պինիոն։

Տեղեկության համար նշենք, որ «Washington Post»-ը տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն կանոնավոր կերպով Սերգեյ Լավրովին տեղեկություններ է տրամադրել այն մասին, թե ինչ է քննարկվել Եվրամիության հանդիպումներում, ինչպես նաև տեղեկություններ հնարավոր որոշումների մասին։