Եվրահանձնաժողովը ժամանակավորապես արգելել է Ուկրաինայից գյուղատնտեսական որոշ ապրանքների ներմուծումը Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա և Սլովակիա
Եվրահանձնաժողովը ժամանակավորապես արգելել է Ուկրաինայից գյուղատնտեսական որոշ ապրանքների ներմուծումը Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա և Սլովակիա

Եվրամիության հինգ երկրների ճնշումներից հետո Եվրահանձնաժողովն արգելեց Ուկրաինայից գյուղատնտեսական որոշ ապրանքների ներմուծումը։

Եվրահանձնաժողովի հայտարարության համաձայն՝ ներմուծման արգելքը վերաբերում է Ուկրաինայից ծագումով չորս գյուղմթերքի՝ ցորենի, եգիպտացորենի և արևածաղկի։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ուկրաինական արտադրանքի արգելքը նպատակ ունի «վերացնել լոգիստիկ խնդիրները»՝ կապված այդ ապրանքների հետ Բուլղարիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Ռումինիայում և Սլովակիայում։ Եվրահանձնաժողովը նշում է, որ տեղական ձեռնարկատերերը ապրանքների գների անկման մեջ մեղադրում են ուկրաինական ներմուծմանը։

Միջոցառումները ուժի մեջ են մտել այսօր՝ մայիսի 2-ին և կտևեն մինչև 2023 թվականի հունիսի 5-ը։ Տվյալ ժամանակահատվածում նշված ապրանքները կարող են ներմուծվել ԵՄ բոլոր երկրներ, բացառությամբ նշված հինգ երկրների։

Միևնույն ժամանակ, Բուլղարիան, Հունգարիան, Լեհաստանը և Սլովակիան պարտավորվել են չեղարկել միակողմանի միջոցները ցորենի, եգիպտացորենի, ռապևի և արևածաղկի, ինչպես նաև Ուկրաինայից ծագում ունեցող ցանկացած այլ ապրանքի դեմ։ Բացի այդ, Եվրամիության գործադիր իշխանությունը հաստատել է ԵՄ անդամ հինգ երկրների ֆերմերներին ֆինանսական աջակցության տրամադրումը, որը կորոշվի ավելի ուշ: Նաև միջոցներ կձեռնարկվեն՝ հեշտացնելու ուկրաինական հացահատիկի տարանցումը «Համերաշխության ճանապարհներով» դեպի ԵՄ անդամ այլ երկրներ և երրորդ երկրներ։