Եվգենի Պրիգոժինը պնդում է, որ «Վագները» խոցել է «քաղաքացիական շարասյան վրա» կրակ բացած ուղղաթիռը, թեև չի նշում, թե որտեղ և ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել
Եվգենի Պրիգոժինը պնդում է, որ «Վագները» խոցել է «քաղաքացիական շարասյան վրա» կրակ բացած ուղղաթիռը, թեև չի նշում, թե որտեղ և ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի խոսքով՝ «Վագները» խոցել է ուղղաթիռը, որը կրակ է բացել «քաղաքացիական ավտոշարասյան վրա»։ Պրիգոժինը չի նշում, թե որտեղ է դա տեղի ունեցել և ինչ հանգամանքներում։ Ինչպես նախկինում, նա չի հրապարակել դեպքի ապացույցները։

Չկա ոչ մի հաստատում «Վագների» ռազմական բախման մասին կանոնավոր բանակի հետ, ոչ էլ այն փաստը, որ «Վագների» ուժերը ներխուժել են Ռոստովի մարզ։

Միաժամանակ ականատեսները «Դոժդ»-ին պատմել են, որ Դոնի Ռոստովում լսվում է ուղղաթիռների ձայն։ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը դիմել է շրջանի բնակիչներին և խնդրել անտեղի չլքել տները։

Լիպեցկի շրջանի նահանգապետ Իգոր Արտամոնովը խորհուրդ է տվել շրջանի բնակիչներին հրաժարվել հարավ մեկնելուց։

Միևնույն ժամանակ, Ռոստովի մեդիա «161.ru»-ն, հիմնվելով իր ընթերցողների լուսանկարների և տեսանյութերի վրա, հայտնում է, որ դիմակավորված անհայտ անձինք շրջափակել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը, ոստիկանության բաժինը, ՆԳՆ և Անվտանգության ծառայության ստորաբաժանումները, ինչպես նաև Ռոստովի վարչակազմը: