Եռօրյա այցով Վրաստան են ժամանել ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի ուսումնական կենտրոնի ներկայացուցիչները
Աշխատանքային այցով Վրաստանում էին ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի ուսումնական կենտրոնի (JFTC) հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Պետր Սվոբոդան և JFTC-ի վերապատրաստման և զորավարժությունների վարչության ներկայացուցիչ, գնդապետ Լադիսլավ Սվեզդան։
Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, ՆԱՏՕ-ի հյուրերը հյուրընկալվել են Կրծանիսիում գտնվող ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնում (JTEC):
Ըստ նրանց՝ կենտրոնի հրամանատար, գնդապետ Դավիդ Գագուան տեղեկատվական ճեպազրույցում իրենց ներկայացրել է JTEC-ի պատմությունը, նպատակները, իրականացված ծրագրերն ու նախագծերը։
«Հանդիպումը նշել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի (JTEC) և ՆԱՏՕ-ի համատեղ ուժերի ուսումնական կենտրոնի (JFTC) երկար տարիների արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև JFTC-ի աջակցությունը JTEC-ի զարգացման գործում: Քննարկման հիմնական թեմաներից մեկը «ՆԱՏՕ-Վրաստան 2025» ուսուցումն էր: ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի ուսումնական կենտրոնի (JFTC) հրամանատարի տեղակալը մանրամասն տեղեկատվություն է ստացել ավարտական փուլում գտնվող զորավարժությունների պլանավորման և նախապատրաստական աշխատանքների մասին։
Վրաստան կատարած եռօրյա այցի ընթացքում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի ուսումնական կենտրոնի (JFTC) ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Զազա Չխաիձեի և պաշտպանության ուժերի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Հյուրերը եղել են նաև JTEC-ի կազմում գտնվող Մարտական պատրաստության կենտրոնում (CTC)։
ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վերապատրաստման և գնահատման կենտրոնը (JTEC) սկսել է սերտ համագործակցությունը Լեհաստանում ՆԱՏՕ-ի համատեղ ուժերի ուսումնական կենտրոնի (JFTC) հետ 2017 թվականին մենթորական ծրագրի միջոցով: Նրանց միջեւ 2020 թվականին ստորագրվել է գործընկերության պայմանագիր»,- ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։