Երևանում տեղի է ունեցել Սերգեյ Լավրովի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի և Հայաստանի վարչապետի հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Բանակցությունների ընթացքում, ռուս դիվանագետը հայտարարել է, որ Մոսկվայի համար անընդունելի է կասկածի տակ դնել, նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի ղեկավարի կողմից ստորագրված համաձայնագիրը:
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները, ներառյալ վարչապետը և նախագահը, պատրաստակամություն են հայտնել կատարել այս համաձայնագիրը: Լավրովը նաև ասել է, որ Ռուսաստանը աշխատում է ՄԱԿ-ի ու միջազգային այլ կազմակերպությունների հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բնակվող մարդկանց ավելի ակտիվ օգնելու համար:
Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Մոսկվան ու Երևանը ռազմավարական ապագայի ընդհանուր տեսլական ունեն: Նրա խոսքով, անհրաժեշտ է ապահովել տեղահանվածների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
Հիշեցնենք, որ Երևանում է գտնվում Ռուսաստանի կառավարական պատվիրակությունը: Նրանում ընդգրկված են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը և փոխվարչապետը:
Ավելի վաղ տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը, որին կողմերը շեշտել են հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:
Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Երևանից մեկնել է Բաքու: