Երևանում բացվել է Հայ-վրացական իրավական ֆորումը
Երևանում անցկացվում է Հայ-վրացական 7-րդ իրավական ֆորումը։ Միջոցառումը, որը երկու երկրների միջև արդարադատության ոլորտում համագործակցության հիմնական հարթակն է, բացել են՝ Վրաստանի և Հայաստանի արդարադատության նախարարները։ Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արդարադատության նախարարությունը։
Գերատեսչության հաղորդմամբ, իր ողջույնի խոսքում Վրաստանի արդարադատության նախարարը խոսել է Իրավական ֆորումի կարևորության մասին երկու երկրների արդարադատության համակարգերի զարգացման, լավագույն փորձի փոխանակման և նոր հնարավորությունների ստեղծման գործընթացում։ Պաատա Սալիան ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության խորացման կարևորությունը եվրաինտեգրման գործընթացում և տարածաշրջանում իրավական անվտանգության ապահովման գործում։
«Մեր փորձի փոխանակումը, ընդհանուր մարտահրավերների համատեղ քննարկումը և հաջողված պրակտիկայի ներդրումը նպաստում են ոչ միայն յուրաքանչյուր երկրի ինստիտուցիոնալ զարգացմանը, այլև տարածաշրջանի իրավական անվտանգությանը և կայունությանը», – նշել է Վրաստանի արդարադատության նախարարը։
Պաատա Սալիան հույս է հայտնել, որ ֆորումը հիմք կդնի նոր գաղափարների, համատեղ նախաձեռնությունների և երկարաժամկետ գործընկերության համար։
Հայ-վրացական իրավական ֆորումը անցկացվում է ամեն տարի և հյուրընկալվում է հերթագայությամբ Թբիլիսիում և Երևանում։ Այս տարվա 7-րդ ֆորումը կտևի երկու օր։
Միջոցառման մասնակիցները թեմատիկ նիստերի շրջանակներում կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները, թվային փոխակերպումը և արդարադատության ոլորտում արհեստական բանականության կիրառումը։
Հայ-վրացական իրավական ֆորումի թեմատիկ նիստերին կմասնակցեն արդարադատության նախարարի տեղակալներ՝ Լանա Մորգոշիան, Թամար Զոդելավան և Լաշա Մաղրաձեն, արդարադատության նախարարության ՀԻԻԱ-ների ղեկավարները և Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն, ինչպես նաև վարչակազմերի, գլխավոր դատախազությունների, պետական աուդիտի գրասենյակների, փաստաբանական կոլեգիաների ներկայացուցիչներ և երկու երկրների մարդու իրավունքների և թվային փոխակերպման հարցերով զբաղվող մասնագետներ։