Ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում Իրակլի Քարսելաձեին կփոխարինի Ռևազ Սոխաձեն
Ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում Իրակլի Քարսելաձեին կփոխարինի Ռևազ Սոխաձեն, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության վարչական շենքում կայացած բրիֆինգի ժամանակ։
Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Իրակլի Քարսելաձեին՝ Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը հաջողությամբ ղեկավարելու համար։ Նա նաև հաջողություն է մաղթել Ռևազ Սոխաձեին նոր պաշտոնում։
«Իրակլի Քարսելաձեն որոշում է կայացրել լքել պետական պաշտոնը և այդ մասին դիմել է ինձ երեկ, ինչի շուրջ մենք զրուցել ենք։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Իրակլիին, ով տարիներ շարունակ մեծ հաջողությամբ ղեկավարել է Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Այս տարիների ընթացքում նրա ղեկավարությամբ իրականացվել են բազմաթիվ կարևոր նախագծեր՝ ավտոմայրուղիների, ջրամատակարարման, կոշտ թափոնների կառավարման, կրթական և սպորտային ենթակառուցվածքների զարգացման, մունիցիպալ զարգացման և այլ ուղղություններով։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում պարոն Իրակլիին նրա կատարած աշխատանքի և բազմաթիվ հաջողված նախագծերի համար։
Ցանկանում եմ ներկայացնել պարոն Ռևազ Սոխաձեին, ով նշանակվել է ենթակառուցվածքների նախարար։ Ռևազ Սոխաձեն մեր քաղաքական թիմի փորձառու անդամ է։ Նա կրթություն է ստացել Թբիլիսիի պետական համալսարանում՝ սկզբում բժշկության, ապա ֆինանսների մասնագիտություններով։ Նա երկար տարիներ աշխատել է մասնավոր հատվածում՝ բարձր ղեկավար պաշտոններում, իսկ 2017 թվականից հանդիսանում է Թբիլիսիի ավագանու անդամ, Սամգորիի շրջանի մեծամասնական պատգամավոր ևավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ։ Ցանկանում եմ պարոն Ռևազին հաջողություն մաղթել ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում», – հայտարարել է Կոբախիձեն։
Իրակլի Քարսելաձեն զբաղեցնում էր ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը 2021 թվականի փետրվարից, իսկ Ռևազ Սոխաձեն ղեկավարում էր Թբիլիսիի քաղաքային ժողովի քաղաքաշինության և քաղաքային տնտեսության հանձնաժողովը։