Ենս Ստոլտենբերգ. Ռուսաստանը մեծացնում է ռազմական հզորությունը Արկտիկայում, ինչը ռազմավարական մարտահրավեր է ՆԱՏՕ-ի համար
Ենս Ստոլտենբերգ. Ռուսաստանը մեծացնում է ռազմական հզորությունը Արկտիկայում, ինչը ռազմավարական մարտահրավեր է ՆԱՏՕ-ի համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի խոսքով՝ հյուսիսատլանտյան դաշինքի համար ռազմավարական մարտահրավեր է Ռուսաստանի ռազմական ուժերի ավելացումը հյուսիսում՝ Արկտիկայում։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Կանադա կատարած այցի ժամանակ, որտեղ հանդիպել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։

Ստոլտենբերգի խոսքով՝ անհրաժեշտ է համամասնորեն ուժեղացնել ՆԱՏՕ-ի ուժերը նույն տարածաշրջանում։

«Հեռավոր Հյուսիսը դառնում է ավելի ու ավելի կարևոր տարածաշրջան Կանադայի և ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի համար, քանի որ այնտեղ տեսնում ենք ռուսական ռազմական հզորության զգալի աճ՝ նոր բազաներով և նոր սպառազինության համակարգերով», – նշում է Ստոլտենբերգը։

Իր հերթին Ջասթին Թրյուդոն նշել է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը վերջին ամիսներին զգալի փոփոխություններ է կրել։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ռուսաստանը մեծ մտահոգություն է առաջացնում բոլորիս համար, և ժամանակին ենք համարում այդ հարցում մեր տեսակետները կիսել ՆԱՏՕ-ի հետ՝ օգտագործելով NORAD-ի (Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության) գոյություն ունեցող մեխանիզմները»,- ասել է Թրյուդոն։