Լաշա Փարուլավա. Պարտության դատապարտված գործընթացին, որտեղ «հակամիշա» տրամադրություններ են և հարձակումներ մեր ընկերների ու զինակիցների վրա, մենք մասնակցություն չենք ունենա

14:20, 26.06.2026

«„Ազգային շարժման“ մեջ մրցակցությունը կարևոր է, բայց դա չի նշանակում, որ կուսակցությունում էյջիզմ (տարիքային խտրականություն) կլինի։ Կուսակցությունում կլինի մրցակցություն, կլինեն ինչպես նոր, այնպես էլ հին դեմքեր, քանի որ մենք իշխանության մեջ եղած քաղաքական ուժ ենք։ Այս քաղաքական ուժն ունի իր ժառանգությունը, և այդ ժառանգության հարգումը բոլորիս պարտականությունն է»,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Լաշա Փարուլավան։

Նրա խոսքով՝ բռնաճնշումներն ու տեռորը թուլացրել են կուսակցությունը, ինչպես և բոլոր քաղաքական կուսակցությունները։

«Մենք փողոցային գործընթացի մեջ ենք։ Բռնաճնշումներն ու տեռորը թուլացրել են մեր քաղաքական ուժը, ինչպես և բոլոր քաղաքական կուսակցությունները։ Դրա պատասխանատուն Բիձինա Իվանիշվիլին է, ում թիմը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ կուսակցություններն արգելելու մասին։ Միակը, ով պատասխանատու է այս ծանր իրականության համար, Բիձինա Իվանիշվիլին է։ Մենք, բնականաբար, ոչ մի ընդհանուր բան չենք ունենա այն մարդկանց հետ, ովքեր որպես քաղաքական կապիտալիզացիայի ճանապարհ ընտրել են «հակամիշա» (Միխեիլ Սաակաշվիլիի դեմ) կուրսը, և ակնհայտ է, որ սա չի կարող լինել հաղթանակի բանաձև։ Այնտեղ, որտեղ հաղթանակ չի լինի, «Ազգային շարժումն» էլ չի լինի։ Պարտության դատապարտված գործընթացին մենք մասնակցություն չենք ունենա։ Մենք ցանկանում ենք ստեղծել հաղթանակի ձևաչափ, և այդ հաղթանակի ձևաչափը, իհարկե, նշանակում է, որ միասնություն կունենանք բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են Վրաստանն առանց Իվանիշվիլիի։ Մենք պատրաստվում ենք կառուցվածքային վերափոխման, որպեսզի մրցակցենք Իվանիշվիլիի ռեժիմի հետ։ Այնտեղ, որտեղ «հակամիշա» տրամադրություններ են և հարձակումներ մեր ընկերների ու զինակիցների՝ Լևան Խաբեիշվիլիի, Իրակլի Նադիրաձեի վրա, մենք մասնակցություն չենք ունենա»,- հայտարարել է Լաշա Փարուլավան։

Նմանատիպ