Politico. Եվրահանձնաժողովի պլանի համաձայն՝ թեկնածու երկրները նախքան անդամակցությունը կստանան որոշակի տնտեսական օգուտներ, եթե իրականացնեն բարեփոխումներ և շարունակեն մերձեցումը Եվրամիության ստանդարտներին
Եվրահանձնաժողովն աշխատում է մի պլանի վրա, համաձայն որի՝ թեկնածու երկրները նախքան պաշտոնական անդամակցությունը կստանան որոշակի տնտեսական օգուտներ, եթե իրականացնեն անհրաժեշտ բարեփոխումները և շարունակեն մերձեցումը Եվրամիության ստանդարտներին։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «Politico»-ն։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, այս նախաձեռնությունը Եվրահանձնաժողովի ավելի լայն հայեցակարգի՝ «փուլային ինտեգրման» մասն է։ Պարբերականի հետ զրույցում անոնիմ աղբյուրներն ասում են, որ թեկնածու երկրները կկարողանան ավելի սերտ տնտեսական ինտեգրում հաստատել ԵՄ-ի հետ։ Գաղափարն այն է, որ բարեփոխումների հաջող իրականացումն ուղեկցվի կոնկրետ օգուտներով ու խթաններով, այլ ոչ թե միայն ապագա անդամակցության խոստումով։
«Փուլային ինտեգրումը» ենթադրում է հասանելիություն ԵՄ որոշակի ֆինանսական ծրագրերին, արտոնյալ առևտրային պայմաններ և ԵՄ միասնական շուկայի մասնակի բացում թեկնածու երկրների համար։ Այնուամենայնիվ, օգուտները յուրաքանչյուր երկրի համար տարբեր կլինեն և կախված կլինեն այն բանից, թե որքանով առաջընթաց կգրանցվի ԵՄ պահանջներին մերձեցման և բարեփոխումների իրականացման գործում։ Նախաձեռնության նպատակն է, որ թեկնածու երկրներն ունենան իրական խթան՝ կյանքի կոչելու հաճախ բարդ ու քաղաքականապես ոչ պոպուլյար բարեփոխումներ, նույնիսկ եթե լիիրավ անդամակցությունից նրանց դեռ երկար տարիներ են բաժանում։ Հոդվածում նաև նշվում է, որ նոր մոտեցումը տարբերվում է հին նախաձեռնությունից, որը թեկնածու երկրներին պետք է շնորհեր որոշակի քաղաքական իրավունքներ, օրինակ՝ ԵՄ խորհրդում ձայնի իրավունք։ Սակայն այդ առաջարկը ԵՄ անդամ երկրների կողմից չընդունվեց։ Դրա փոխարեն՝ նոր մոդելը թեկնածու երկրներին առաջարկում է միայն տնտեսական օգուտներ, և այս նոր նախաձեռնությունը, «Politico»-ի փոխանցմամբ, ավելի ու ավելի շատ քաղաքական աջակիցներ է ձեռք բերում։
Ըստ հոդվածի՝ ԵՄ անդամ պետություններն արդեն համաձայն են, որ ընդլայնման գործընթացը պետք է ավելի արագանա, հատկապես Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմից հետո։ Այնուամենայնիվ, նրանք դեռ պատրաստ չեն ԵՄ-ում ընդունել այնպիսի երկրներ, որոնք դեռևս ամբողջությամբ չեն բավարարում անդամակցության պայմանները։ Ուստի Եվրահանձնաժողովը փորձում է միաժամանակ հասնել երկու նպատակի՝ արագացնել գործընթացը և պահպանել խիստ ստանդարտները։ Հոդվածում նշվում է, որ Ֆրանսիան և Գերմանիան նախկինում արդեն աջակցել են նմանատիպ «membership-lite» (թեթևացված անդամակցության) մոդելին այն երկրների համար, որոնց անդամակցության գործընթացը երկարատև է։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները կարծում են, որ նոր ձևաչափն անդամ պետությունների համար ավելի ընդունելի կլինի, քան անցյալում առաջարկված մոդելները։
Եվրախորհրդարանի ընդլայնման ռազմավարության հեղինակ, լիտվացի եվրապատգամավոր Պետրաս Աուստրևիչյուսը գտնում է, որ պետք է գործի «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, այսինքն՝ այն թեկնածուները, որոնք ավելի մեծ առաջընթաց են ցուցաբերում, պետք է նաև ավելի մեծ աջակցություն ստանան։ Ինչպես գրում է «Politico»-ն, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այն առաջնորդների թվում է, ովքեր կողմնակից են այլընտրանքային մոտեցումներին։ Ըստ հոդվածի՝ նա ցանկանում էր այս թեմն բարձրացնել անցյալ շաբաթ կայացած Եվրոպական խորհրդի նիստում, սակայն օրակարգի ծանրաբեռնվածության պատճառով հարցի քննարկման համար ժամանակ չի մնացել։ Սպասվում է, որ ԵՄ առաջնորդները նոր նախաձեռնությանը կանդրադառնան հոկտեմբերի կամ դեկտեմբերի Եվրոպական խորհրդի նիստում և հնարավոր է՝ աջակցեն նաև ավելի լայն շրջանակի մշակման աշխատանքների մեկնարկին։
«Politico»-ն գրում է, որ նոր մոտեցումը հատկապես հաշվարկված է այնպիսի երկրների համար, ինչպիսին Ուկրաինան է։ Հոդվածում նշվում է, որ չնայած ուժեղ քաղաքական աջակցությանը, Ուկրաինայի անդամակցությունը հավանաբար երկար տարիներ կպահանջի։
Իսկ Մոլդովայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ միաժամանակ կաշխատի ինչպես Մոլդովայի անդամակցության գործընթացի, այնպես էլ ԵՄ-ի հետ նրա փուլային ինտեգրման խորացման ուղղությամբ։ Այստեղ ընդգծվում է նաև, որ Մոլդովային արդեն առաջարկվել է ընդգրկվել SEP համակարգում, ԵՄ ռոումինգային համակարգում և մասնակցել մշակութային ծրագրերին։ Հոդվածում նշվում է, որ ներկայումս Եվրամիությունն ունի անդամակցության ինը թեկնածու երկիր։ Մոնտենեգրոն անդամակցության գլխավոր հավակնորդն է, այն դեպքում, երբ Ուկրաինան ու Մոլդովան արդեն սկսել են անդամակցության շուրջ բանակցությունները։ Ինչ վերաբերում է Սերբիային, Թուրքիային և Վրաստանին, ապա այստեղ գործընթացը դանդաղել է (խոչընդոտներ կան)։
Զուգահեռաբար, ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը հաստատում է, որ Եվրահանձնաժողովը պատրաստում է պաշտպանական նոր մեխանիզմներ, որոնք խստորեն կգործեն այն դեպքում, եթե ապագա անդամ երկրները անդամակցությունից հետո հետընթաց ապրեն ժողովրդավարության կամ օրենքի գերակայության ուղղությամբ։ Այս նախաձեռնության նպատակն է համոզել անդամ պետություններին, որ ընդլայնման արագացումը հնարավոր է այնպես, որ ԵՄ ստանդարտներն ու պահանջները չթուլանան։