ԵՄ առաջնորդները համաձայնեցին հոգալ Ուկրաինայի անհետաձգելի ֆինանսական կարիքները, սակայն չկարողացան համաձայնության գալ Կիևին վարկեր տրամադրելու համար ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու հարցում

10:35, 24.10.2025

ԵՄ առաջնորդները համաձայնել են հոգալ Ուկրաինայի անհետաձգելի ֆինանսական կարիքները հաջորդ երկու տարիների ընթացքում, սակայն չեն կարողացել համաձայնության գալ Կիևին խոշոր վարկ տրամադրելու համար սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու հարցում, հաղորդում է Reuters-ը։

Գործակալությունը հաղորդում է, որ որոշումը խոչընդոտվել է Բելգիայի կողմից արտահայտված մտահոգությունների պատճառով։

Ինչպես գրում է Reuters-ը, գագաթնաժողովից հետո հրապարակված հռչակագրի տեքստը «մեղմացվել» է նախորդ տեքստերի համեմատ։

«Եվրոպական խորհուրդը պարտավորվում է հոգալ Ուկրաինայի անհետաձգելի ֆինանսական կարիքները 2026-2027 թվականներին, այդ թվում՝ ռազմական և պաշտպանական նպատակներով», – ասվում է հռչակագրում։

Փաստաթղթում նաև նշվում է, որ ԵՄ օրենսդրության համաձայն՝ «ռուսական ակտիվները պետք է մնան սառեցված մինչև Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայի դեմ իր ագրեսիվ պատերազմը և փոխհատուցի պատերազմի պատճառած վնասը»։

Բացի այդ, ինչպես մամուլի ասուլիսում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, Ռուսաստանը պետք է հասկանա, որ Ուկրաինան հաջորդ երկու տարիների ընթացքում կունենա պաշտպանության համար անհրաժեշտ ռեսուրսներ։

«Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ Ուկրաինան կունենա պաշտպանության համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ», – նշել է Կոստան։

Նմանատիպ