Եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել «Սարփի» մաքսային անցակետով տարանցիկ մուտք գործող բեռների վերաբերյալ
Եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել «Սարփի» մաքսային անցակետ տարանցիկ մուտք գործած տրանսպորտային միջոցի վերաբերյալ, որը տեղափոխում էր Ռուսաստանի Դաշնություն ուղղված բեռ։ «Այս տարվա հուլիսի 24-ին, «Սարփի» մաքսային անցակետի վերահսկողության գոտիով Թուրքիայի Հանրապետությունից Վրաստան է մուտք գործել ադրբեջանական համարանիշներով տրանսպորտային միջոց, որը վարել է նույն երկրի քաղաքացի։ Վարորդի կողմից ընդհանուր հայտարարագրման ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Թուրքիայից Ռուսաստանի Դաշնություն տարանցիկ տեղափոխվում են եվրոպական ծագման ապրանքներ։
Եվրամիության կողմից կիրառվող պատժամիջոցների իրականացման շրջանակներում նշված տրանսպորտային միջոցը վերադարձվել է Թուրքիայի Հանրապետություն։
Հատկանշական է, որ մի քանի ժամ անց նույն տրանսպորտային միջոցը կրկին մտել է «Սարփի» մաքսային անցակետի վերահսկողության գոտի, և այս անգամ ապրանքի ծագման երկիրը վարորդի կողմից ընդհանուր հայտարարագրման նպատակով ներկայացված ծագման վկայականում նշված է եղել որպես Թուրքիա։
Կասկածի հիման վրա մաքսային աշխատակիցները բեռի մասնակի տեսողական զննում են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ բեռի վրա գործարանային պիտակների վրա ծագման երկրներն են Գերմանիան և Խորվաթիան։
Քանի որ հայտնաբերվել է փաստաթուղթը ենթադրաբար կեղծելու և մաքսային վերահսկողությունը շրջանցելու փորձ, գործի նյութերը փոխանցվել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը», – ասվում է Եկամուտների ծառայության հայտարարության մեջ։