Խվիչա Կվարացխելիային ընդգրկել են Գինեսի ռեկորդների համաշխարհային գրքում #1TVSPORT
Խվիչա Կվարացխելիան և «Պարի Սեն Ժերմենը» հայտնվել են Գինեսի ռեկորդների համաշխարհային գրքում։ Փարիզյան ակումբի մոտ գրանցվել է 12 ռեկորդ, որոնցից մեկը պատկանում է վրացի աստղին։
Խվիչա Կվարացխելիան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում ունեցել է արդյունավետ գործողությունների (գոլ + գոլային փոխանցում) ամենաերկար սերիան։ Վրաստանի հավաքականի ավագին հաջողվել է անընդմեջ յոթ խաղում աչքի ընկնել գոլով կամ գոլային փոխանցմամբ։
Տպավորիչ են փարիզյան ակումբի մյուս ռեկորդները նույնպես։ «Պարի Սեն Ժերմենը» Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում խփել է ամենաշատ՝ 45 գոլ։ Բացի այդ, թիմը մրցաշարի եզրափակիչում հաղթել է ամենամեծ տարբերությամբ՝ 2025 թվականին 5:0 հաշվով պարտության մատնելով «Ինտերին»։ Փարիզցիները հանդիսանում են նաև Լիգա 1-ի ամենաշատ տիտղոսների (14) տիրակալները։ Բացի այդ, նրանք Ֆրանսիայի առաջնության մեկ մրցաշրջանում հավաքել են ամենաշատ՝ 96 միավոր։
Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում ամենաշատ ճշգրիտ փոխանցման ռեկորդը պատկանում է Վիտինյային՝ 1602։ Իսկ Լիգա 1-ում ամենաշատ չեմպիոնական տիտղոսները նվաճել է Մարկինյոսը՝ 11։
Բացի այդ, Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել են փարիզյան ակումբի հետևյալ նվաճումները. Լիգա 1-ում ամենաերկար անպարտելի սերիան – 36 խաղ Լիգա 1-ում արտագնա հանդիպումներում ամենաերկար անպարտելի սերիան – 39 խաղ Լիգա 1-ի մեկ մրցաշրջանում հաղթանակների ամենաերկար սերիան – 14 խաղ Լիգա 1-ում մեկ ֆուտբոլիստի ամենաերկար անպարտելի սերիան – Ֆաբիան Ռուիս, 51 խաղ