Խուան Գուաիդոն Վրաստանի դեսպանին շնորհակալություն է հայտնել աջակցության համար
Խուան Գուաիդոն Վրաստանի դեսպանին շնորհակալություն է հայտնել աջակցության համար

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Վրաստանի դեսպան Դավիթ Սոլոմոնիան հանդիպել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյին: Հանդիպմանը Խուան Գուայդոն շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ վենեսուելացի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին և ազատությանն աջակցելու համար: Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, Խուան Գուաիդոն նշել է, որ միջազգային աջակցությամբ առաջիկայում կհաղթահարվի մարդասիրական աղետը: Նա հույս է հայտնել, որ քաղաքական ճգնաժամը, որում Մադուրոն պահում է երկիրը, կավարտվի ժողովրդավարական անցման արդյունքում:

«Վրաստանի դեսպանի հանդիպումը Խուան Գուաիդոյի հետ կայացել է Կոլումբիայի մայրաքաղաքում, որտեղ ընթանում է Լիմայի խմբի արտաքին գործերի նախարարների 11-րդ հանդիպումը, որին մասնակցել է Վրաստանի պատվիրակությունը՝ արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Սոլոմոնիայի գլխավորությամբ: Հատկանշական է, որ Վրաստանն առաջին անգամ է հրավիրվել նիստին դիտորդի կարգավիճակով:

Հանդիպման ավարտին ընդունվել է Բոգոտայի բանաձևը, որում խմբի անդամ երկրներն աջակցում են Խուան Գուաիդոյին, որպես երկրի միակ օրինական նախագահ»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությունում: