Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը սկսել է կատարել իր պարտականությունները
Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը սկսել է կատարել իր պարտականությունները

Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության նոր ղեկավար Դիմիտրիոս Կարաբալիսը ստանձնել է իր պարտականությունները։

«Ես շատ ուրախ և ոգևորված եմ Եվրամիության դիտորդական առաքելությունում աշխատելու համար։ Այս տարի առաքելությունը նշում է իր 15-ամյակը Վրաստանում։ Այնուամենայնիվ, մեր դիտորդները նույնքան պատրաստակամ են, որքան առաջին օրը՝ հասնելու առաքելության նպատակին՝ Վրաստանում և ավելի լայն տարածաշրջանում կայունության հաստատմանը: Ինձ համար պատիվ է ղեկավարել նման եռանդուն թիմը, և ես կանեմ ամեն ինչ, որպեսզի նրանք շարունակեն իրենց աշխատանքը, հաճախ դժվար հանգամանքներում»,- ասել է Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը։

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության տվյալներով՝ հույն դիվանագետը նշանակվել է Եվրամիության խորհրդի կողմից 2023 թվականի հունվարի 31-ին։ Մինչ Եվրամիության դիտորդական առաքելությունում նշանակվելը, Դիմիտրիոս Կարաբալիսը Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով վարչության տնօրենն էր։ Կարաբալիսը Վրաստանում առաջին պաշտոնը զբաղեցրել է որպես Հունաստանի դեսպան 2017-2021 թվականներին։