Վրաստանում ԱՄՆ դեսպանության և ԵՄ պատվիրակության հայտարարությունը. Բոլոր կողմերին կոչ ենք անում ուշադիր քննարկել համաձայնության ձեռքբերման հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան խորհրդարանին կատարել իր լիարժեք դերը

11:53, 11.12.2020

Բոլոր կողմերին կոչ ենք անում ուշադիր քննարկել համաձայնության ձեռքբերման հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան խորհրդարանին կատարել իր լիարժեք դերը, – այս մասին ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանության և ԵՄ պատվիրակության համատեղ հայտարարության մեջ:

«Վերջին վեց շաբաթվա ընթացքում Վրաստանի քաղաքական առաջնորդները մասնակցում էին ինտենսիվ քաղաքական երկխոսության: Չնայած կարևոր խնդիրները մնում են չլուծված, կուսակցություններին արդեն հաջողվել է համաձայնության գալ լայն ընտրական բարեփոխումների վերաբերյալ, որոնք ընդունվելուց հետո էապես կբարելավեն Վրաստանի առաջիկա ընտրությունները: Մենք բարձր ենք գնահատում բոլոր կուսակցությունների ղեկավարների կառուցողական մասնակցությունը և մինչ այժմ ձեռք բերված հաջողությունները այս բարդ բանակցություններում:

Երկխոսությունն ընդգրկում էր բարդ և կարևոր հարցեր: Կողմերը երկրի ժողովրդավարական ապագային պատասխանատու կերպով մոտեցան: Բաց և հարգանքի վրա հիմնված բանավեճի այս տեսակը չափազանց կարևոր է, քանի որ Վրաստանը շարժվում է դեպի ավելի բազմակարծիք քաղաքական դաշտ, որում ներկայացված են ավելի բազմազան տեսակետներ և շահեր: Երկրի գերագույն շահերից ելնելով՝ մենք հավատում ենք, որ կողմերը կկարողանան հաշտվել կտրուկ տարբեր դիրքորոշումների հետ:

Մեր, որպես միջնորդների դերը հիմնականում կողմերի համար չեզոք ֆորում ապահովելն էր՝ քննարկելու իրենց տարբեր դիրքորոշումները և դրանց լուծման ուղիները՝ Վրաստանի ժողովրդավարական օրակարգը ամրապնդելու համար: Մենք ափսոսում ենք, որ նոր ընտրված խորհրդարանի առաջին նստաշրջանից առաջ հնարավոր չեղավ հասնել լայն համաձայնության, չնայած կուսակցությունների ղեկավարների ջանքերին:

Մենք այժմ կոչ ենք անում բոլոր կողմերին ուշադիր դիտարկել համաձայնության ձեռքբերման հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան խորհրդարանին կատարել իր լիարժեք և կենսական դերը Վրաստանի ժողովրդավարությունը, տնտեսությունն ու անվտանգությունը պաշտպանելու և ամրապնդելու գործում: Կուսակցությունների խնդրանքով և եթե կա համաձայնության հասնելու իրական քաղաքական կամք, մենք պատրաստ ենք շարունակել աջակցել այդ ջանքերին», – ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ