Վրաստանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները կկատարի Էմի Վ. Դիազը
Վրաստանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները կկատարի Էմի Վ. Դիասը: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:
«Էմի Վ. Դիասը, ԱՄՆ արտաքին ծառայության բարձրաստիճան կարիերային դիվանագետը, 2026 թվականի հուլիսից Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանը զբաղեցնում է դեսպանի պաշտոնակատարի (գործերի ժամանակավոր հավատարմատարի) պաշտոնը:
Տիկին Դիասը տարբեր ժամանակներում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները. գործերի ժամանակավոր հավատարմատար և առաքելության ղեկավարի տեղակալ Լիլոնգվեում (Մալավի) ԱՄՆ դեսպանատանը, ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպական գործերի բյուրոյի Քաղաքականության և գլոբալ հարցերի գրասենյակի փոխտնօրեն, Հարարեում (Զիմբաբվե) ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար, Քաբուլում (Աֆղանստան) ԱՄՆ դեսպանատանը թմրանյութերի դեմ պայքարի խմբի ղեկավար:
Նրա աշխատանքային փորձը ներառում է նաև. Օրենքի գերակայության հարցերով խորհրդականի և «Ամերիկայի գագաթնաժողովի» համակարգողի պաշտոնները Պանամայում ԱՄՆ դեսպանատանը, Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան ներքին քաղաքականության բաժնի ղեկավարի պաշտոնը, փոխհյուպատոսի պաշտոնը Հարարեում ԱՄՆ դեսպանատանը, փոխհյուպատոսի պաշտոնը Մոնտերեյում (Մեքսիկա) ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունում:
Տիկին Դիասը ԱՄՆ պետդեպարտամենտին միացել է 2002 թվականին՝ ԱՄՆ նախագահի անվան կառավարման կրթաթոշակառուների (Presidential Management Fellows) ծրագրի շրջանակներում, իսկ 2005 թվականից դարձել է ԱՄՆ արտաքին ծառայության կարիերային դիվանագետ: Նա բակալավրի աստիճան է ստացել Սենթ Ջոնս քոլեջում (Անապոլիս, Մերիլենդ նահանգ), իսկ Արիզոնայի համալսարանում ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան:
Տիկին Դիասը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից բազմիցս պարգևատրվել է Բարձրագույն պատվո և Հատուկ ծառայությունների պատվավոր պարգևներով: Նա ամուսնացած է և ունի մեկ երեխա», – նշված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած տեղեկատվության մեջ:
Մինչ այժմ Վրաստանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները կատարում էր Ալան Փերսելը: