Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Չեխիայում
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Չեխիայում

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Չեխիայում։

Այցի առաջին օրը հանդիպումներ են կայացել Չեխիայի Սենատի և պատգամավորների պալատի ԵՄ հարցերով կոմիտեների ղեկավարության հետ, որտեղ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորհրդարանական կապերի ամրապնդումը։

Վրաստանի խորհրդարանի փոխանցմամբ՝ զրույցի հիմնական թեման եղել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը։ Պատվիրակության անդամներն իրենց չեխ գործընկերներին մանրամասն տեղեկատվություն են տրամադրել Աբխազիայում և Ցխինվալիի տարածաշրջանում Ռուսաստանի անեքսիայի քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև կիսվել իրենց տեսակետներով Սևծովյան տարածաշրջանում և ընդհանրապես Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Կողմերը քննարկել են Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը։

«Մենք մեր չեխ գործընկերների հետ կիսվել ենք արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և 2024 թվականին ԵՄ անդամակցության համար դիմելու մեր ծրագրի վերաբերյալ տեսակետներով։ Ըստ չեխական կողմի՝ նրանք բաց և հստակ կհայտարարեն իրենց աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին բոլոր միջազգային ֆորումներում, այդ թվում՝ Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում», – ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են պատգամավորական բարեկամության խմբերի ակտիվացման և խորհրդարանական այցերի փոխանակման կարևորությունը։ Ինչպես նշվեց, Չեխիայի նորընտիր խորհրդարանում շուտով կստեղծվի Վրաստանի հետ բարեկամության խումբ։

Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը Սենատի նախագահի գլխավորությամբ Վրաստան կայցելի այս տարվա մայիսին։

Խորհրդարանական պատվիրակության կազմում են արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, ընթացակարգային հարցերի եւ կանոնների կոմիտե նախագահ Իրակլի Քադագիշվիլին եւ Չեխիայի խորհրդարանի հետ բարեկամության խմբի անդամ Ալեքսանդր Ռաքվիաշվիլին։