Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում

10:45, 25.09.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի մասնակիցների առջև:

Վրաստանի վարչապետի ելույթն առաջարկում ենք անփոփոխ.

«Պարոն նախագահ, պարոն Գլխավոր քարտուղար, ձերդ գերազանցություն, հարգելի պատվիրակներ, Վրաստանի բարեկամներ,

Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ այս Ասամբլեայի առջև Վրաստանի անունից՝ մի երկրի, որի ինքնությունը ձևավորվել է դարավոր պատմությամբ, դիմակայունությամբ և փոփոխվող աշխարհի հետ փոխգործակցության ճանապարհով:

Մենք այսօր այստեղ հավաքվում ենք մի ժամանակաշրջանում, երբ միջազգային իրավիճակը զգալի փոփոխություններ է կրում:

Աշխարհի տարբեր տարածաշրջաններում ծավալվող իրադարձությունները մարտահրավերի առաջ են դնում ներկայիս դրությունը և հարցականներ առաջացնում միջազգային կարգի ապագայի վերաբերյալ:

Այս իրավիճակում խաղաղության պահպանումը և միջազգային համագործակցության Ամրապնդումը շարունակում են մնալ գլխավոր առաջնահերթություններ:

Գլոբալ մակարդակում աճող մարտահրավերների ֆոնին՝ ընդհանուր խոչընդոտներին կոորդինացված արձագանքումը, հակամարտությունների կանխարգելումը և Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգում սահմանված նպատակներին հասնելը հնարավոր կլինի միայն միջազգային համագործակցության ուժեղացման և համատեղ գործողությունների համար ընդհանուր պատասխանատվություն ստանձնելու միջոցով:

Տևական խաղաղության հաստատումը ուժի կիրառմամբ անհնար է. այն պետք է հիմնված լինի երկխոսության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա:

Սակավաթիվ են այն երկրները, որոնք խաղաղության, կայունության և ինքնիշխանության կարևորությունը կարող են այնքան խորը հասկանալ, որքան Վրաստանը:

Դարեր շարունակ մենք եղել ենք քաղաքակրթությունների խաչմերուկում՝ դռներ բացելով տարբեր մշակույթների, ժողովուրդների և գաղափարների առջև. միևնույն ժամանակ, ամուր պաշտպանելով մեր սեփական եզակի ինքնությունն ու ինքնատիպությունը:

Վրաստանի պետականությունն բազմիցս կանգնել է փորձությունների առջև, սակայն այս մարտահրավերներն էլ ավելի վճռական դարձրին մեր որոշումը՝ ինքներս ընտրելու մեր ճանապարհը:

Պատմական փորձը մեզ նաև սովորեցրել է, որ ինքնիշխանության գինը միշտ պետք է լավ հիշենք, որ կայունությունը պաշտպանության կարիք ունի, և միջազգային կարգի ուժը ի վերջո կախված է նրանից, թե որքանով հավասարապես կպաշտպանվեն նույն սկզբունքները բոլոր պետությունների նկատմամբ:

Այս սկզբունքներին հավատարմությունը Վրաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի:

Մեր երկրի տարածքի 20 տոկոսը դեռևս օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից, իսկ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ դեռևս տեղահանված են և չեն կարողանում վերադառնալ իրենց տները:

Այս տարվա նստաշրջանի գլխավոր թեմաներից մեկը վստահության վերականգնումն է, և հենց այս ֆոնին ես ցանկանում եմ դիմել մեր աբխազ և օս եղբայրներին ու քույրերին:

Դարեր ի վեր մենք ունեցել ենք մեկ հայրենիք և մեզ կապում էր ընդհանուր պատմությունը:

Այսօրվա դրությամբ քաշված բաժանարար գծերը չեն կարող ջնջել այդ պատմությունը և չեն կարող որոշել մեր զավակների ապագան:

Հավատացած ենք, որ խաղաղությամբ ստացված բարիքները և Վրաստանի տնտեսական զարգացումը չպետք է խոչընդոտվեն արհեստականորեն քաշված բաժանարար գծերով:

Այս բարիքներից պետք է կարողանան օգտվել նաև մեր օկուպացված պատմական շրջաններում ապրող մարդիկ, ովքեր մեր ընդհանուր ապագայի անբաժանելի մասն են եղել և միշտ կլինեն:

Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները ևս մեկ անգամ հիշեցնում են մեզ, որ ազգային կայունությունն ու հաջողությունը չեն կարող դիտարկվել առանց ավելի լայն տարածաշրջանային համատեքստի:

Հավատացած ենք, որ Հարավային Կովկասի ապագան չպետք է պայմանավորված լինի անցյալում քաշված բաժանարար գծերով:

Մենք մշտապես ձգտում ենք, որ տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակներում հետևողականորեն գործենք որպես բարեխիղճ միջնորդ՝ համագործակցության ամրապնդման և խաղաղ լուծումներ գտնելու գործում ավանդ ներդնելու ճանապարհով:

Այսօր մենք իրական հնարավորություն ենք տեսնում նոր էջից սկսելու ավելի խաղաղ և փոխկապակցված տարածաշրջանի կառուցումը, ինչը արձագանքում է մեր ընդհանուր ձգտմանը՝ ստեղծել ավելի լավ ապագա:

Համագործակցության նման ոգին տարածաշրջանի համար պետք է վերածվի նաև շոշափելի տնտեսական հնարավորությունների:

Վրաստանը Հարավային Կովկասի և Միջին միջանցքի անբաժանելի մասն է, ինչը մեզ նպաստավոր դիրքում է դնում Կենտրոնական Ասիան և Եվրոպան միմյանց հետ էլ ավելի կապելու համար:

Մեր ռազմավարական դիրքը և անմիջական ելքը դեպի Սև ծով առևտրին և ներդրումներին նպաստող գործոններ են հանդիսանում: Բացի այդ, ավելի լայն տարածաշրջանային տեսանկյունից, դա ծովային ելք չունեցող երկրներին հնարավորություն է ընձեռում կապվելու գլոբալ մատակարարման շղթաներին:

Ազատ առևտրի մասին կնքված համաձայնագրերով մենք ստեղծել ենք ցանց, ինչն ապահովում է հասանելիություն մոտ 2,3 միլիարդ սպառողից բաղկացած շուկային:

Կապակցվածության օրակարգին աջակցելու և հետագա առաջընթացի նպատակով Վրաստանը մինչև 2032 թվականը ծրագրում է 7 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարել խոշոր տրանսպորտային ենթակառուցվածքային նախագծերում՝ երկաթուղային ցանցի արդիականացում, Անակլիայի խորջրյա նավահանգստի զարգացում, Թբիլիսիում նոր միջազգային օդանավակայանի կառուցում և ավտոմայրուղիների ցանցի ընդլայնում:

Միևնույն ժամանակ, հավատացած ենք, որ ֆիզիկական և թվային կապակցվածությունը ներկայացնում են միևնույն ռազմավարական օրակարգի երկու բաղադրիչները:

Սև ծովի ստորջրյա մանրաթելաօպտիկական մալուխի և նոր սերնդի տվյալների ենթակառուցվածքի միջոցով Վրաստանը նպատակ ունի ամրապնդել անվտանգ, կայուն և դիվերսիֆիկացված թվային կապերը Եվրոպայի և Ասիայի միջև:

Այս ամբիցիոզ ծրագրերը հիմնված են Վրաստանի ուժեղ տնտեսական ցուցանիշների վրա:

Վերջին հինգ տարիների ընթացքում մեր տնտեսությունը տարեկան միջինում աճել է 9.3 տոկոսով, և այս դինամիկան շարունակվել է նաև 2026 թվականին, քանի որ այս տարի ևս առաջին յոթ ամիսների ընթացքում տնտեսական աճը հասել է 7.9 տոկոսի:

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման համաձայն՝ միջնաժամկետ հատվածում Վրաստանը կունենա աճի ամենաբարձր ցուցանիշներից մեկը տարածաշրջանի մասշտաբով և Եվրոպայի երկրների շարքում՝ միջինում 5.4 տոկոս:

Որպես աշխարհում ամենաարագ աճող տնտեսություն ունեցող երկրներից մեկը՝ մենք ակտիվորեն ձևավորում ենք նորարարություններին ուղղված և բիզնեսի համար նպաստավոր միջավայր, որը նպաստում է ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ձեռնարկությունների զարգացմանը:

Աշխարհում առկա անորոշ վիճակից անկախ՝ Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ին ամենաբարձրերից մեկն է նմանատիպ երկրների ցուցանիշների շարքում և 2021–2025 թվականներին միջինում գերազանցել է ՀՆԱ-ի 6 տոկոսը: Սա վկայում է երկրի աճի պոտենցիալի նկատմամբ ներդրողների վստահության մասին:

Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ներհոսքի հեռանկարն ամրապնդում է նաև տարբեր ոլորտներում խոշոր և բազմամյա ներդրումային ծրագրերի մեկնարկը, ինչպիսիք են տրանսպորտը և լոգիստիկան, էներգետիկ ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը և անշարժ գույքը:

Այնուամենայնիվ, հաջողության իսկական չափանիշն այն է, թե ինչպես է այս ամենը բարելավում մարդկանց կյանքը:

Ուժեղ տնտեսական ցուցանիշները պետք է արտացոլվեն շոշափելի սոցիալական արդյունքներում՝ մեկ շնչին ընկնող արտադրության աճ, իրական աշխատավարձերի ավելացում, աղքատության նվազեցում, ավելի լավ աշխատատեղեր և ավելի մեծ տնտեսական կայունություն:

Մենք արդեն տեսնում ենք, որ այս արդյունքներն արտացոլված են ցուցանիշներում կոնկրետ և չափելի ձևով, ինչը վկայում է Վրաստանում իրավիճակի բարելավման մասին, օրինակ՝ աղքատության ցուցանիշը կրճատվել է երեք անգամ և կազմում է 7.1 տոկոս՝ 2020 թվականի 21.3 տոկոսի համեմատ:

Այնուամենայնիվ, այս ձեռքբերումը միայն մի մասն է այն ավելի լայն տրանսֆորմացիայի, որի իրականացմանն էլ ձգտում ենք:

Համապատասխանաբար, առաջիկա հինգ տարիների ընթացքում մեր հիմնական հոգսը կլինի քաղաքի և գյուղի միջև առկա անհավասարության նվազեցումը, յուրաքանչյուր տարածաշրջանում հնարավորությունների բարձրացումը, ապահովումն այն բանի, որ տնտեսական աճի օգուտները լայնորեն բաշխվեն, և որևէ մեկը չմնա ուշադրությունից դուրս:

Նշված առաջնահերթությունները լիովին համապատասխանեցված են Վրաստանի կողմից «Կայուն զարգացման նպատակներին» հասնելու ուղղությամբ ստանձնած պարտավորությանը, ինչը նաև արտացոլված է Միավորված ազգերի կազմակերպության հետ կայուն զարգացման նպատակով համագործակցության համար 2026–2030 թվականների ժամանակահատվածի համար կնքված նոր համաձայնագրում:

Ավելի հեռավոր հեռանկարում՝ առաջիկա տասնամյակի համար մեր ամբիցիան է Վրաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող երկրից վերափոխել բարձր եկամուտ ունեցող տնտեսության, ինչը հնարավոր կդառնա տնտեսության ավելի մեծ դիվերսիֆիկացիայով, գիտելիքի վրա հիմնված գործունեության ընդլայնմամբ և համընդհանուր բարօրության բարձրացմամբ:

Ձերդ գերազանցություն, տիկնայք և պարոնայք,

Առաջընթացը, որին ուզում ենք հասնել մեր սեփական երկրում, անհնար է պատկերացնել առանց այլ երկրների հետ համագործակցության զարգացման:

Վրաստանը կրկին արտահայտում է պատրաստակամություն՝ շարունակելու հարաբերությունները բոլոր միջազգային գործընկերների հետ, ովքեր պատրաստ են աշխատել մեզ հետ՝ փոխադարձ հարգանքի և ինքնիշխան հավասարության հիման վրա:

Հավատացած ենք, որ տևական գործընկերության կարելի է հասնել միայն երկխոսությամբ, և այդ արդյունքը երբեք չի լինի ճնշման կամ հարկադրանքի ճանապարհով:

Հարգանքի և համագործակցության սկզբունքները նույնպես հիմնարար նշանակություն են ստանում արդյունավետ բազմակողմանիության (մուլտիլատերալիզմի) համար:

Այն պայմաններում, երբ գլոբալ մակարդակում անորոշությունը շարունակում է աճել, Միավորված ազգերի կազմակերպությունը մնում է անփոխարինելի ֆորում երկխոսության և համատեղ գործողությունների համար:

Այս համատեքստում UN80 նախաձեռնությունը կարևոր հնարավորություն է ստեղծում ՄԱԿ-ի արդյունավետության և հնարավորությունների բարձրացման համար՝ դրա թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը զուգահեռ:

Վրաստանը պատրաստ է միջազգային գործընկերների հետ կառուցողականորեն համագործակցելուն և այս գործընթացում ակտիվ ավանդ ներդնելուն:

Մենք հաստատակամորեն աջակցում ենք բարեփոխումներին, որոնց օգնությամբ այս կազմակերպությունը կկարողանա ավելի լավ աշխատել և կդառնա էլ ավելի արդյունքամետ:

Հենց այսօր կատարված ընտրությունն է որոշում, թե ինչպիսի աշխարհ ենք թողնելու մեր ապագա սերունդներին:

Եկեք հոգ տանենք այն մասին, որ նրանց թողնենք այնպիսի աշխարհ, որը կլինի ավելի խաղաղ, պաշտպանված և միասնական, քան այսօր է», — հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Նմանատիպ