Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի զինվորականները ցուցադրական վարժանքներ են անցկացրել
«Կովկասյան արծիվ 2022» զորավարժությունների շրջանակում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումները ցուցադրական վարժանքներ են անցկացրել Վազիանի ուսումնավարժական բազայում։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ զորավարժությանը տեղում հետևել է պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին։
«Ցուցադրական զորավարժություններում հատուկ նշանակության ջոկատները իրականացրել են ռազմական ազատ անկման, օդի մատակարարման, զրահատեխնիկայով օբյեկտի վրա գրոհի, ստատիկ պարաշյուտով ԱՆ-2 տիպի թռչող սարքից շենքի գրավում և վայրէջք։
«Կովկասյան արծիվ 2022» զորավարժության նպատակն է խորացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից հատուկ նշանակության ուժերի կարողությունների համաժամեցումն ու համակարգումը, փորձի փոխանակումը, փոխգործունակության բարձրացումը և հրամանատարության ու վերահսկողության բարելավումը բազմազգ միջավայրում։
«Կովկասյան արծիվ 2022» զորավարժություններին մասնակցող հատուկ նշանակության խմբերը կկիսվեն կրակային և բժշկական պատրաստության, բնակեցված տարածքում կռվելու և հատուկ գործողություններ իրականացնելու իրենց փորձով։ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերի «Կովկասյան արծիվ 2022» եռակողմ վարժանքն անցկացվում է ամեն տարի բոլոր երեք երկրներում ռոտացիայի սկզբունքով։ Անցյալ տարի զորավարժությունները հյուրընկալվել են Թուրքիայի Հանրապետության կողմից»,- ասվում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության մեջ։