Վրաստանի պատրիարքարանը տեղեկատվություն է տարածում Իլիա II-ի հուղարկավորության արարողության վերաբերյալ և դիմում քաղաքացիներին

15:43, 21.03.2026

Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկատվություն է տարածում Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության արարողության վերաբերյալ։

Ինչպես հայտնում է հասարակայնության հետ կապերի ծառայությունը, Սամեբա (Սուրբ Երրորդություն) տաճարն այսօր փակ կլինի ժամը 02:00-ից մինչև 08:00-ն, իսկ կիրակի առավոտյան ժամը 08:00-ից տաճար մուտքը կթույլատրվի միայն հատուկ անցագրերով։

«Սուրբ Երրորդության հայրապետական տաճարը կփակվի մարտի 22-ին, ժամը 02:00-ից մինչև 08:00-ն, որպեսզի կարգի բերվի և նախապատրաստվի պատարագին ու Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Սրբագույն և Երանաշնորհ Իլիա II-ի հուղարկավորության արարողությանը, ինչպես նաև պատվիրակությունների ներկայությամբ պայմանավորված՝ անվտանգության ստանդարտների պահպանման համար։

Կիրակի առավոտյան ժամը 08:00-ից, մեզանից անկախ օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, տաճար մուտքը կլինի միայն հատուկ անցագրերով, և խնդրում ենք ըմբռնումով մոտենալ այս փաստին։

Պատարագը կսկսվի առավոտյան ժամը 09:00-ին։ Ժամերգությունը կմատուցի Համայն Վրաստանի պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծղուի մետրոպոլիտ Շիոն (Մուջիրի)՝ Վրաց Եկեղեցի Սուրբ Սինոդի անդամների հետ միասին։

Ժամը 12:15-ին տաճար կժամանի Կոստանդնուպոլսի՝ Նոր Հռոմի արքեպիսկոպոս և Տիեզերական Պատրիարք, Նորին Սրբություն Բարդուղիմեոս I-ը, ով գահի տեղապահ մետրոպոլիտ Շիոյի և Վրաց Եկեղեցու Սուրբ Սինոդի անդամների հետ միասին կկատարի Սրբագույն և Երանաշնորհ Իլիա II-ի հուղարկավորության կարգը։

Ժամը 15:00-ին Նորին Սրբություն և Երանաշնորհություն, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի դիակառքը Սուրբ Երրորդության հայրապետական տաճարից հետիոտն թափորով կտեղափոխվի դեպի Սիոնի հայրապետական տաճար։

Այն հավատացյալներին, ովքեր չեն հասցրել տաճարում հրաժեշտ տալ Պատրիարքին, այդ հնարավորությունը կտրվի Սուրբ Երրորդության տաճարից մինչև Սիոնի տաճար տանող ճանապարհին՝ սգո թափորի ժամանակ։ Երթուղու երկայնքով կկազմակերպվի կենդանի միջանցք, ինչպես նաև բնակչությունը հնարավորություն կունենա այդ ճանապարհին տեղադրված բազմաթիվ էկրաններով ուղիղ եթերով հետևել ողջ արարողությանը և, ըստ ցանկության, ծաղիկներով հարգանքի տուրք մատուցել Նորին Սրբությանը։

Հայցում ենք ձեր ներողամտությունը և խնդրում ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին։ Հասկանում ենք, որ յուրաքանչյուր ոք ցանկանում է հրաժեշտ տալ Նորին Սրբությանը և Երանաշնորհությանը, սակայն հուղարկավորության արարողության հետ կապված արարողակարգից և այլ տեխնիկական մանրամասներից ելնելով՝ բնակչության մուտքը տաճար անհնար է»,- ասված է հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ