Վրաստանի օկուպացված տարածքների վերաբերյալ Ստրասբուրգում քննարկվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի 34-րդ համախմբված զեկույցը
Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալների կոմիտեի 1575-րդ նիստում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի «Հակամարտությունը Վրաստանում» 34-րդ համախմբված զեկույցի քննարկումը։ Նիստին մասնակցել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ համախմբված զեկույցը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։ Զեկույցն արտացոլում է 2026 թվականի ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի շրջաններում տեղի ունեցած իրադարձությունները։
«Նախարարների տեղակալների կոմիտեի նիստում ունեցած ելույթում Լաշա Դարսալիան շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին և նախարարների կոմիտեին համախմբված զեկույցի ընդունման համար և ընդգծել է ռուս-վրացական հակամարտությանն առնչվող հարցերը Եվրոպայի խորհրդի օրակարգում ակտիվորեն պահելու անհրաժեշտությունը։ Նախարարի տեղակալը նիստի մասնակիցներին տեղեկատվություն է տրամադրել օկուպացված շրջաններում անվտանգության, հումանիտար և մարդու իրավունքների տեսանկյունից տիրող ծանր իրավիճակի և օկուպացիոն վարչակարգերի ապօրինի գործողությունների մասին։ Առանձնահատուկ ընդգծվել է հարկադիր տեղահանված անձանց և փախստականների՝ սեփական տներ վերադառնալու անհրաժեշտությունը։
Լաշա Դարսալիան ուշադրություն է հրավիրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վրա, որոնք հաստատում են Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների օկուպացիան և արդյունավետ վերահսկողությունը։ Նիստում ևս մեկ անգամ նշվել է Ռուսաստանի կողմից 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի խախտման և Վրաստանի տարածքում արդյունավետ վերահսկողության ուժեղացման հարցը։ Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Ժնևի միջազգային բանակցությունների ընթացքին և հաստատել Վրաստանի կառավարության հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությանը։
Իր հերթին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հաստատակամ աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և հաստատել, որ Եվրոպայի խորհուրդը, իր մանդատի շրջանակներում, կշարունակի համախմբված զեկույցների ընդունման պրակտիկան։
Այցի շրջանակներում Լաշա Դարսալիան հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցության արդիական հարցերը, Վրաստանի օկուպացված շրջաններում տիրող իրավիճակը և նշված հարցը միջազգային օրակարգում ակտիվորեն պահելու կարևորությունը։ Այս համատեքստում ընդգծվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի համախմբված զեկույցների դերը», – ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։