Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեի գլխավորությամբ, Ծովային գործողությունների համատեղ կառավարման կենտրոնում տեղի է ունեցել ծովային անվտանգության միջգերատեսչական խորհրդի նիստ:
ՆԳՆ-ի տեղեկությամբ՝ նիստում քննարկվել են Ծովային գործողությունների համատեղ կառավարման կենտրոնի գործունեության հաշվետվությունը, Սև ծովում տիրող իրավիճակը, անվտանգության հարցերն ու ռիսկերը:
«Խորհրդի անդամները քննարկել են Վրաստանի առջև ծառացած մարտահրավերները՝ ելնելով աշխարհում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից: Նաև սահմանել են Ծովային գործողությունների համատեղ կառավարման կենտրոնի առաջնահերթությունները և քննարկել ապագա ծրագրերը: Բացի այդ, հաստատվել է խորհրդի նիստի կանոնակարգը և օրակարգով նախատեսված այլ հարցեր:
Նիստին ներկա էին Ծովային գործողությունների համատեղ կառավարման կենտրոնի խորհրդի անդամ գերատեսչությունների նախարարների տեղակալները և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, այդ թվում՝ Պետական անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ Լաշա Մաղրաձեն, պաշտպանության նախարարի տեղակալ Գրիգոլ Գիորգաձեն, արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սոլոմոն Պավլիաշվիլին և ՆԳՆ սահմանային ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլին:
Ծովային գործողությունների համատեղ կառավարման կենտրոնը (JMOC) ներկայացնում է ծովային և սահմանային անվտանգության ապահովման եզակի հայեցակարգ, որն ունի կարևորագույն ռազմավարական և օպերատիվ նշանակություն:
Իսկ միջգերատեսչական խորհուրդն ապահովում է հենց այդ կենտրոնի գործունեության համակարգումը: Խորհուրդը գլխավորում է ներքին գործերի նախարարը: Դրա կազմում են սահմանային ոստիկանության, Պետական անվտանգության ծառայության, Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ու Ֆինանսների նախարարության ենթակայության տակ գտնվող գերատեսչությունները:
Ծովային անվտանգության միջգերատեսչական խորհրդի նիստի ավարտից հետո ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն և խորհրդի անդամները զննել են Փոթիի առափնյա պահպանության բազայի ենթակառուցվածքները և լողամիջոցները: Գեկա Գելաձեն շնորհակալություն է հայտնել սահմանային ոստիկանության աշխատակիցներին երկրին մատուցած ծառայության համար», – նշված է ՆԳՆ-ի տեղեկատվության մեջ: