Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել տարբեր կրոնների ներկայացուցիչներ

18:03, 21.03.2026

Սուրբ Երրորդության հայրապետական տաճարում Վրաստանում գործող տարբեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչ հոգևոր առաջնորդները, Կրոնի հարցերով պետական գործակալության աշխատակիցների հետ միասին, հարգանքի տուրք են մատուցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի մետրոպոլիտ, Սրբագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդի հիշատակին։ Այս մասին տեղեկություն է տարածում Կրոնի հարցերով պետական գործակալությունը։

Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել՝ Կովկասի լատին կաթոլիկների առաքելական վարչության, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանի հրեաների միության, Վրաստանի մուսուլմանների վարչության, Թբիլիսիի միջազգային բապտիստական եկեղեցու, Վրաստանի քրիստոնյա-բապտիստական եկեղեցիների միավորման, Վրաստանի ավետարանական-լյութերական եկեղեցու, Վրաստանի ավետարանական-բողոքական եկեղեցու, Վրաստանի Ավետարանի հավատքի եկեղեցու, Վրաստանի եզդիների հոգևոր խորհրդի և Վրաստանում «Փրկության բանակի» ներկայացուցիչ հոգևորականներ։

Տեղեկացնենք, որ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդին կհուղարկավորեն կիրակի օրը՝ մարտի 22-ին, Սիոնի հայրապետական տաճարում։ Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը վախճանվել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։

Նմանատիպ