Վրաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ Վրաստանի էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու համար
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 58-րդ տարեկան ժողովում Վրաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Էներգախնայողության և կանաչ ջրածնային գազի զարգացման նախագծի» վարկային համաձայնագիր, որը նախատեսում է Վրաստանին մոտ 98 միլիոն եվրոյի վարկի տրամադրում։
Վարկային համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Վրաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ղեկավար Լեսլի Բերման Լամը։
Նախագիծը նախատեսում է Քսանիի ենթակայանում կլիմայական պայմաններին անվնաս էներգիայի կուտակման համակարգի (BESS) տեղադրում, ինչպես նաև կանաչ ջրածնի մշակման հնարավորությունների ուսումնասիրություն, BESS գործունեության գործնական ուսուցում և տեխնիկական գիտելիքների փոխանակում «Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» (GSE) ԲԲԸ-ի հետ։
Նախագծի իրականացումը կապահովի Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի կայունությունը, ճկունությունը և անվտանգությունը, միաժամանակ բարելավելով էլեկտրաէներգիայի որակը և զգալի ներդրում ունենալով ինչպես էլեկտրաէներգիայի մատակարարման անվտանգության բարձրացման, այնպես էլ, ընդհանուր առմամբ, Վրաստանի էներգետիկ անկախության գործում։