Վրաստանի դատախազություն. Գիգա Ավալիանիի քրեական գործով սուտ ցուցմունք տալու փաստով անչափահասին մեղադրանք է ներկայացվել
Վրաստանի դատախազությունը Գիգա Ավալիանիի քրեական գործով կեղծ ցուցմունք տալու փաստով մեղադրանք է առաջադրել անչափահասի։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի դատախազությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ իրավապահները մեղադրյալին ձերբակալել են մարտի 26-ին՝ դատավորի որոշման հիման վրա։
«Ներքին գործերի նախարարության կողմից անցկացված քննությամբ հաստատվել է, որ 2026 թվականի մարտի 24-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում, Գիգա Ավալիանիի մահվան, խմբակային բռնության կազմակերպման և դրան մասնակցելու փաստերով գործի էական քննության ժամանակ, որպես վկա հարցաքննվելիս, անչափահասը արդարադատությանը խոչընդոտելու նպատակով դատարանին կեղծ ցուցմունք է տվել։
Ձերբակալված անչափահասին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 370-րդ հոդվածի 3-րդ մասով (Արդարադատությանը խոչընդոտում, որն արտահայտվել է դատարանում վկայի կողմից կեղծ ցուցմունք տալով այնպիսի քրեական գործով, որով մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ)։ Նշված հոդվածը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում մինչև 7 տարի ժամկետով։
Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դատարան կդիմի մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությամբ», – նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։