Վրաստանի դատախազություն. Անչափահաս երեխայի բռնաբարության մեջ մեղադրվող տղամարդը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Քութայիսի քաղաքային դատարանը լիովին ընդունել է դատախազության կողմից ներկայացված ապացույցները և անչափահաս դստեր բռնաբարության մեջ մեղադրվող անձին ճանաչել է մեղավոր։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի դատախազությունը։
Գերատեսչության տվյալներով՝ դատական նիստերի ընթացքում ուսումնասիրված ապացույցներով հաստատվել է, որ մեղադրյալը, կիրառելով բռնություն և օգտվելով տուժածի տարիքային անօգնականությունից, համակարգված կերպով բռնաբարել է իր անչափահաս դստերը։
«Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են 2025 թվականի օգոստոսի 23-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 11^1, 137-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» ենթակետի և 4-րդ մասի «գ» ենթակետի համաձայն (անձի կողմից իր անչափահաս ընտանիքի անդամի բռնաբարություն), և որպես խափանման միջոց նշանակվել է կալանք։
Քութայիսի քաղաքային դատարանը մեղադրյալին լիովին ճանաչել է մեղավոր ներկայացված մեղադրանքով և որպես պատիժ սահմանել է կյանքի տևողությամբ ազատազրկում», – ասված է դատախազության հաղորդագրության մեջ։